Կրթության եւ գիտության նախկին նախարար, «Նոր ուղի» կուսակցության նախագահ Աշոտ Բլեյանը չի մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին այսօր` մարտի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ինքը` Բլեյանը: Վերջինիս խոսքով, մեծամասնական ընտրակարգով չի առաջադրվելու, քանի որ չունի ընտրագրավի համար անհրաժեշտ 1 միլիոն դրամը: Բացի այդ, նաեւ կրթահամալիրի տնօրեն է:

«Ես անպայման կառաջադրվեի, նույնիսկ ինձ համար ոչ այնքան ծանոթ ընտրատեղամասում: Ես այսօր զբաղվում եմ կրթական քաղաքականությամբ եւ այդ գործի մեջ եմ օրը 24 ժամ: Դրանից ավելի բարձր աշխատանք մեկ էլ Հայաստանի նախագահն է ստանում»,- նշեց Բլեյանը:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենը նաեւ չի կարող առաջադրվել համամասնական ընտրակարգով, քանի որ «Նոր ուղի» կուսակցությունը դեռ պաշտոնապես գրանցված չէ, անդամների անհրաժեշտ քանակություն չունի:

Այդուհանդերձ, Աշոտ Բլեյանը չի բացառել, որ կարող է առաջադրվել 2013թ. կայանալիք նախագահական ընտրություններում: