Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը կրկին հայտարարություն է տարածել գյուղի հողերը գերակա հանրային շահ ճանաչելու եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին վաճառելու խնդրին:

Աթայանի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Քաջարան գյուղի շուրջ իրադարձություններն այնքան սրընթաց են զարգանում, որ ստիպված եմ եւս մեկ անգամ հանդես գալ հայտարարությամբ` ակնկալելով Հայաստանի բնակչության աջակցությունը` սահմանային մեր գյուղի լինել-չլինելու համար մղվող պայքարում:

Վերջին օրերին ավելի ինտենսիվ են դարձել Քաջարան գյուղի բնակիչների հանդեպ կիրառվող սպառնալիքները: Մասնավորապես, ծագումով Քաջարան գյուղացի Ալիկ Դավթյանը, ով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի տեղակալն է, ում մեր գյուղում Մելիք Ֆրանգյուլ են անվանում, հայրենի գյուղին դավաճանելու համար, կանչում է կոմբինատում աշխատող համագյուղացիներին եւ սպառնում. «Հրաժարվե’ք պայքարից, մի’ խառնվեք այդ ամենին, թե չէ աշխատանքից կհեռացվեք»: Նույն սպառնալիքներով է զբաղվում հանքի ղեկավարությունը` հանքի պետ Հակոբ Հակոբյանի գլխավորությամբ, ով տնօրենի եղբայրն է:

Հակաքաջարանյան իր ծրագրերում ավելի ագրեսիվ ու անհավասարակշիռ է դարձել Մաքսիմ Հակոբյանը, ով հայտարարում է, թե չի ճանաչում Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանին: Հավանաբար ճիշտ է ասում կոմբինատի տնօրենը. նրա հիշողության հետ վերջին շրջանում ինչ-որ արտառոց բաներ են կատարվում: Բայց ուզում եմ նրան օգնել, որպեսզի հիշի-վերհիշի Քաջարանի գյուղապետին:

Ռաֆիկ Աթայանն այն գյուղապետն է, ում հետ մեկ տարի առաջ հանգուցյալ Յուզիկ Համբարձումյանի միջոցով բանակցում էր` գյուղի վիճարկվող տարածքն իր անունով սեփականաշնորհելու, որից հետո այդ տարածքը վարձակալությամբ կոմբինատին տալու շուրջ:

Ռաֆիկ Աթայանն այն գյուղապետն է, ումից վերջին տարիներին անընդհատ խնդրում էր 300-500 հա արոտավայր` 25 տարի վարձակալությամբ, ոչխարի իր հոտերը պահելու համար:

Ռաֆիկ Աթայանն այն գյուղապետն է, որ մերժեց բոլոր այդ առաջարկները եւ զսպեց նրա ախորժակը:

Ռաֆիկ Աթայանը չթողեց, որ նա մեր դարավոր գյուղը պղծի, թեեւ ձեռքին կար կառավարության որոշումը:

Հիմա հիշեցի՞ք Ռաֆիկ Աթայանին, եթե ոչ, ապա նոր փաստեր կբերեմ, որոնք կարթնացնեն ձեր խամրած հիշողությունը:

Այսօր ուզում եմ հրապարակավ զգուշացում անել Մաքսիմ Հակոբյանին` հետ քաշեք ձեր անմաքուր ձեռքերը Քաջարան գյուղից: Եթե ձեզ, այնուամենայնիվ, հաջողվի ավերել մեր գյուղը, ապա դուք կամ ձեր սերունդները երբեւէ կարժանանաք քաջարանցիների վրեժխնդրությանը, ինչը, անկախ մեր կամքից, անխուսափելի կդառնա: Քաջարանը դարեր ի վեր հետ է մղել թուրք նվաճողներին: Քաջարանը պատրաստ է հետ մղել նաեւ մերօրյա նվաճողներին, ովքեր օտարից ավելի դաժան են: Հեռու մնացեք մեր գյուղից եւ փող աշխատելու այլ ձեւ գտեք:

Տեղյակ եմ պահում Քաջարանի խնդրով բոլոր հետաքրքրվածներին, որ ՀՀ նախագահը դեռեւս չի պատասխանել մերª ս.թ. մարտի 5-ի նամակին:

Տեղյակ եմ պահում նաեւ, որ Տիգրան Սարգսյանը, դատելով նրա հետ մարտի 3-ին ունեցած զրույցից, վճռական է տրամադրված գյուղը վերացնելու եւ հանքարդյունաբերությանը ծառայեցնելու հարցում:

Որերորդ անգամ հայտարարում եմª մեզª քաջարանցիներիս համար միանգամայն անընդունելի է հոգեւոր, մշակութային արժեքների, սրբությունների դիմաց փոխհատուցում ստանալն ու այդ թեմայի շուրջ բանակցելը: Մեզ համար գոյություն ունեն արժեքներ, որոնք վեր են ամեն տեսակ փոխհատուցումից: Դա մեր սահմանային գյուղն էª հազարից ավելի ննջեցյալներ ունեցող գերեզմանոցով, Մեծ հայրենականում զոհված քաջարանցիների հիշատակը հավերժացնող հուշարձանով, 17-րդ դարում կառուցված Սբ Հակովբ եկեղեցիով:

Մենք մինչեւ վերջ պայքարելու ենք այդ արժեքները զավթիչներից պաշտպանելու համար»:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ Սյունիքի մարզի 5 գյուղերի վարչական սահմաններում գտնվող հողերի նկատմամբ ճանաչվել է հանրային գերակա շահ` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին վաճառելու նպատակով: Այս որոշմանը դեմ են այդ գյուղերի բնակիչները ու բնապահպանները: