2009թ. նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, Հայաստանում արձանագրվել է պարենային ապրանքների 2 տոկոս գնաճ, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել շաքարավազի, կենդանական եւ բուսական յուղերի, բանջարեղենի, ձկնամթերքի, մրգի 2-13,5 տոկոս գնաճը:

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝

մրգի ապրանքախմբում 2009թ. նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, 13,5 տոկոս գնաճ է արձանագրվել: Երեւանում մրգի գներն աճել են 18,6 տոկոսով:

2009թ. նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, գրանցվել է 12,5 տոկոս գնաճ, բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբում՝ 9 տոկոս գնաճ: Երեւանում աճի ցուցանիշը կազմել է 8,4 տոկոս:

Կենդանական եւ բուսական յուղերի ապրանքախմբում 2009թ. նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, 2,8 տոկոս գնաճ է արձանագրվել, իսկ կարագը, օրինակ, թանկացել է 6,4 տոկոսով:

2009թ. նոյեմբերին, 2008թ. դեկտեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է շաքարավազի 33,6 տոկոս, իսկ 2009թ. հոկտեմբերի համեմատ` 2 տոկոս գնաճ: Հոկտեմբերի համեմատ 0,7 տոկոսով թանկացել է մսամթերքը, իսկ ոչխարի միսը թանկացել է միանգամից 16,4 տոկոսով:

«Բիզնես 24-ի» փոխանցմամբ, 2009թ. նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է ոչ ոգելից խմիչքների, կաթնամթերքի, սուրճի, թեյի, կակաոյի, հրուշակեղենի 0,1-0,6 տոկոս գնաճ: Նվազել են ձվի գները, իսկ հացամթերքի, ոգելից խմիչքների եւ ծխախոտի գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: