Արդի տեխնոլոգիաները նոր հնարավորություններ են ստեղծում նաեւ նախընտրական քարոզարշավը ճիշտ կազմակերպելու համար: Մասնավորապես, այսօր ընտրողների հետ շփվելու, ծրագրերը ներկայացնելու, քննարկումներ կազմակերպելու լավագույն հարթակ են սոցիալական ցանցերը:

NEWS.am-ը փորձել է պարզել, թե որ կուսակցությունը ինչպես է ներկայացված Facebook սոցիալական ցանցում, քանի մարդ է հավանել այդ կուսակցության էջը, քանի անդամ ունի, ինչ է կատարվում կուսակցության էջում եւ այլն:

Այսպես, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խումբը Facebook-ում ունի 1606 անդամ, այնտեղ տեղադրված են ամենատարբեր նյութեր, ինչպես այդ կուսակցության, այնպես էլ ներքաղաքական կյանքի մասին, տարատեսակ հարցումներ, քննարկումներ եւ այլն, օրինակ` Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը, Վարդան Օսկանյանի ելույթը, Ռոբերտ Քոչարյանի գործունեության տարբեր ժամանակահատվածներ ներկայացնող լուսանկարներով ստեղծված տեսահոլովակ, Առողջապահության նախարար, ԲՀԿ-ական Հարություն Քուշկյանի այցը Գյումրի, Գագիկ Ծառուկյանի ելույթը ՄԱԿ համագումարում եւ այլն:

Սոցիալական ցանցում էջեր եւ խմբեր ունեն նաեւ այդ կուսակցության տարբեր մասնաճյուղերը, հատկապես ակտիվ են ԲՀԿ-ի երիտասարդական միությունները, որոնք առանձին-առանձին ներկայացված են սոցցանցում:

Հայաստանի հանրապետական կուսակցության Facebook-յան  էջը հավանել է 1761 մարդ: Էջում տեղ են գտել այդ կուսակցությանը վերաբերող նյութեր, ինչպես շնորհավորանքներ, այնպես էլ ՀՀԿ-ականների ասուլիսների, հարցազրույցների հղումներ, զանազան լուսանկարներ կուսակցության գործունեությունից: Կուսակցության տարածքային ստորաբաժանումները, երիտասարդական կազմակերպությունները եւս ներկայացված են սոցցանցում:

Հայ ազգային կոնգրեսի խումբը Facebook-ում ունի 574 անդամ, այստեղ ներկայացված են երկրի ներքաղաքական կյանքին վերաբերող զանազան նյութեր, օրինակ` Հրանտ Բագրատյանի նամակը Սերժ Սարգսյանին, Խաչատուր Սուքիասյանի առաջադրման մասին լուրը եւ այլն: Իսկ ՀԱԿ-ի «ֆեյսբուքյան» էջում բացառապես ներկայացված են ՀԱԿ-ին վերաբերող հաղորդագրություններ, տեսանյութեր, ինչպես օրինակ` հանրահավաքից ելույթներ: Էջը հավանել է 221 հոգի: Սոցցանցում առանձին խմբով ներկայացված են նաեւ ՀԱԿ-ի Լոռիի, Հրազդանի կառույցները:

«Ժառանգության» խումբը Facebook-ում ունի 909 անդամ, այնտեղ քննարկվում են զանազան հարցեր, ինչպես այդ կուսակցության վերաբերյալ, այնպես էլ գործընկերների: Կուսակցության էջը հավանել է 106 մարդ, որտեղ ներկայացված են «Ժառանգության» վերաբերյալ տեղեկություններ: Մեզ չհաջողվեց սոցցանցում գտնել «ժառանգության» երիտթեւի, կամ առանձին կառույցների էջերը,  թեեւ այդ կուսակցության մի շարք ներկայացուցիչներ բավականին ակտիվ են Facebook-ում, օրինակ` Ստեփան Սաֆարյան, Դավիթ Սանասարյան, Դանիել Իոանիսյան եւ այլք:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության խումբը «Ֆեյսբուքում» 272 անդամ ունի: Էջում զետեղված են կուսակցությանն առնչվող մամուլի հրապարակումներ: «Ազատ դեմոկրատներ» երիտասարդական միության էջը եւս նոր է բացվել` մարտի  3-ին, բայց այն բավական ակտիվ է, էջը հավանել է 136 մարդ:

«Օրինաց երկիր» կոսակցության էջը  «Ֆեյսբուքում» հավանել է 1375 մարդ, էջում զետեղված են բացառապես այդ կուսակցությանը վերաբերող տեղեկություններ: Կուսակցությունը սոցցանցում ունի նաեւ փակ խումբ, որի անդամները 5 հոգի են: Կուսակցության տարածքային մասնաճյուղերը գտնել չհաջողվեց,  ներկայացված էր միայն ՕԵԿ երիտասարդական միությունը:

Հայ հեղափոխական դաշնակցության խումբը «Ֆեյսբուքում» ունի 12 անդամ, իսկ էջը հավանել է 2462 մարդ: Դաշնակցության էջում ներկայացված են այդ կուսակցությանը վերաբերող նորություններ, ինչպես նաեւ կուսակցության պատմությունը, անցած ուղին ներկայացնող գրառումներ, օրինակ` Դրոյի, Վարդան Ստեփանյանի եւ այլոց կենսագրությունները: Սոցցանցում ներկայացված է նաեւ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան»  ուսանողական միությունը, ՀՅԴ Երեւանի մարզային կոմիտեությունը:

Ավելի փոքր կուսակցությունների էջերը Facebook սոցիալական ցանցում գտնել չհաջողվեց: Facebook-ում ներկա էր նաեւ Միացյալ ազատական ազգային կուսակցությունը (ՄԻԱԿ), որի էջը հավանել է 151 հոգի:

Նշենք, որ մայիսին 6-ին Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, իսկ նախընտրական քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 8-ին:

Պատրաստեց` Ինգա Մարտինյանը