Վանաձորում կենցաղային հողի վրա վիճաբանության ընթացքում մարտի 10-ին, 29-ամյա Վարսիկ Աղաջանյանը դանակը նետել է 72-ամյա սկեսուրի` Օլիկ Ջալալյանի ճակատի ուղղությամբ, որի արդյունքում սկեսուրը ճակատի շրջանում քերծվածք է ստացել: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեց Բազումի ոստիկանության բաժնի պետ Արա Կարապետյանը: Ճակատին ստացված դանակի հարվածից հետո սկեսուրը դիմել է ոստիկանության Վանաձորի բաժին: Կողմերը հարցաքննվել են Բազումի ոստիկանության բաժանմունքում, սակայն հարսը ստորագրությամբ բաց է թողնվել:
ՀՀ ոստիկանության Բազումի ոստիկանության բաժնի պետ Արա Կարապետյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ՀՀ ոստիկանության Լոռիի մարզի Բազումի բաժնում նյութեր են նախապատրաստվում, ինչպես նաեւ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել:
Մեր ունեցած տեղեկություններով, հարսն ու սկեսուրը երկար տարիներ է, ինչ անհաշտ են ապրում, սակայն առաջին անգամ է, երբ վիճաբանության ընթացքում գործի է դրվել դանակը: Վարսիկ Աղաջանյանը մոտավորապես 5 տարի է ինչ հարս է գնացել այդ ընտանիք եւ ունի 4 տարեկան երեխա:
Ընտանիքում սկեսրայրը մահացած է, իսկ ամուսինը երկար տարիներ է, ինչ մեկնել է արտագնա աշխատանքի` Ռուսաստանի դաշնություն:
ՀՀ ոստիկանության Բազումի ոստիկանության բաժնի պետ Արա Կարապետյանը նաեւ նշեց, որ թեեւ, հարսը ստորագրությամբ ազատ է արձակվել, սակայն սկեսուրը բողոքը հետ չի վերցրել: Իսկ հարսը վերադարձել է, ոչ թե ամուսնու, այլ հոր տուն, քանի որ կատարվածից հետո համարձակություն չունի գնալ սկեսուրի մոտ:
Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, հենց ամուսնու ուղարկված գումարներն էլ պարբերաբար վիճաբանության պատճառ են դարձել: Արտագնա աշխատանքից ուղարկված գումարներին ցանկացել են տիրություն անել, թե’ հարսը, թե’ սկեսուրը, ինչն էլ նման դրսեւորում է ստացել:
Ներկա պահին սկեսուրի առողջական վիճակը նորմալ է, պարզապես ճակատին քրծվածքներ է ստացել, բայց իհարկե դանակի հարվածը կարող էր ճակատագրական լինել նրա համար: Կողմերը ցանկացել են ամուսնուց գաղտնի պահել կատարվածը, սակայն նա արդեն տեղյակ է եւ շատ հավանական է, որ թողներով արտագնա աշխատանքը` վերադառնա տուն:
Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը



























