Եթե ՀՀԿ-ի նոր կարգախոսը` «Հավատանք, որ փոխենք», Բարաք Օբամայի կարգախոսն է եղել, դրա համար պետք չէ ՀՀԿ-ին մեղադրել պլագիատի մեջ, քանի որ կարող է երկու դեպքում էլ խնդիրները նույնն են: Այս մասին այսօր` մարտի 13-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը, արձագանքելով այն տեսակետներին, թե ՀՀԿ-ի կարգախոսը Դաշնակցությունից է գողացված («Փոխենք մեր կյանքը») կամ թարգմանվել է Օբամայի կարգախոսից:

«Օբաման, եթե ուզում է բարեփոխումներ, դա լավ է, իսկ եթե Սարգսյանն է ուզում` դա վա՞տ է»,- հարց ուղղեց Մանվել Բադեյանը:

Ասուլիսին հրավիրված «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանն էլ նշեց, որ Օբամայի ժամանակ այդ կարգախոսը ճշմարիտ էր, քանի որ նա եկել էր փոխելու մինչ այդ եղած կացությունը, որը ստեղծել էին իր օպոնենտները: Իսկ Սերժ Սարգսյանն, ըստ Կարապետյանի, այդ կարգախոսն օգտագործում է 14 տարվա իշխանության առկայության պարագայում եւ հետաքրքիր է, թե ում ստեղծած վիճակն է ուզում փոխել եւ ինչու է ստեղծել մի վիճակ, որը պետք է փոխել:

Նրա փոխանցմամբ, այդ կարգախոսները ձեւավորվում են ինչ-որ գաղափարական խմբերի միջոցով: «Եթե նայենք այդ գաղափարական խմբերին, ՀՀԿ-ի ներսում դա այն երիտասարդների թիմն է, որն ինչ-որ ճանապարհով գնում կպնում է ՄԻԱԿ-ի ինչ-որ մի հատվածի հետ միգուցե: Սրանք են, որոնք կարգախոսներ են մեջտեղ բերել, փոփոխության մասին են խոսել: Փոփոխությունների ջատագովը Սերժ Սարգսյանի փեսան էր չէ՞, որ նշում է, որ նոր մարդիկ պետք է գան»,- ընդգծեց Արամ Կարապետյանը: