Այսօր` մարտի 14-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծերենցի փողոցի 5 հասցեում տեղակայված բակային պոմպակայանում լարված իրավիճակ էր: «Երեւան Ջուր» ՓԲԸ «Արեւմուտք» շահագործման տնօրինության «Շահումյան» տեղամասի մասնագետները պետք է մինչեւ երեկո ավարտեին նոր` դանիական Գրունդ Ֆոս /grundfos/ ֆիրմայի արտադրության պոմպի եւ հարակից սարքավորների տեղակայումը:
Ի տարբերություն գործողի, այն ոչ միայն անհամեմատ նվազ էներգատար է, այլեւ շատ ավելի հուսալի եւ, որն այսօր նույնքան կարեւոր է, ի վիճակի է սպասարկման տարածքում` Ծերենցի փողոցի 3, 5, 7, 7ա, Միքայելյան փողոցի 1, 3, Սեբաստիա փողոցի 78, 80, 82, 86, Ա.Մանուկյան փողոցի 2, 4, 6, 8, 10 շենքերում ապահովել շուրջօրյա ջրամատակարարում:
Ըստ տեղամասի գլխավոր ճարտարագետ Արսեն Սիմոնյանի, տվյալ տարածքում վերջին ամիսներին իրականացվել են նմանօրինակ շատ աշխատանքներ: Մասնավորապես, պոմպակայանների վերազինումից բացի, կառուցվել են դիտահորեր ու ջրաբաշխիչ հանգույցներ, հայտնաբերվել են չհաշվառված ջրագծեր ու գաղտնի վթարներ: Արդյունքում զգալիորեն նվազել է ջրի կորուստն ու բարելավվել սպառողների ջրամատակարարումը:
Առաջիկայում, մասնագիտացված կազմակերպության կողմից պոմպակայանում կարգավորման-կարգաբերման աշխատանքների իրականացումից հետո, նշված շենքերի բնակիչների համար ներկայիս 12-ժամյա ջրամատակարարումը կդառնա հիշողություն:




























