Հանրապետական կուսակցությունը որոշում է կայացրել Արտաշատի թիվ 17 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրել կուսակցության անդամ, դպրոցի տնօրեն Կարինե Պողոսյանին: Մինչ այդ շրջանառվում էին  Հովիկ Աբրահամյանի կամ նրա եղբոր` Հենրիկ Աբրահամյանի անունները:

Հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Կարինե Պողոսյանը ակտիվ կուսակցական է, մշտապես մասնակցել է ընտրական գործընթացներին, միշտ եղել է կուսակցության կողքին: «Թե ինչո՞ւ Կարինե Պողոսյանը, այլ ոչ մեկ ուրի՞շը, կարծում եմ` սա ավելի խորքային հարց է, որը միգուցե շտաբը պարզաբանի»,- նշեց Հովհաննես Սահակյանը:

Պատգամավորը նաեւ չհամաձայնվեց շրջանառվող լուրերին, թե ՀՀԿ-ն նման առաջադրմամբ ընտրատարածքը պարզապես հանձնում է իր կոալիցիոն գործընկերոջը: Նույն ընտրատարածքում առաջադրվելու է նորելուկ ԲՀԿ-ական, ներքին զորքերի նախկին հրամանատար, «Շերիֆ» մականունով հայտնի Գրիգոր Գրիգորյանը:

«Մենք ընդհանրապես մեր բոլոր առաջադրումների հետ կապված ասեմ, որ որեւէ մեկին զիջելու, կամ քաղաքական այլ ուժի հետ պայմանավորվածություն չունեն: Բոլոր տեղերում, որտեղ ունենք թեկնածուներ, պայքարելու ենք: Պայքարելու ենք ժողովրդավարական քաղաքակիրթ մեթոդներով եւ փորձելու ենք առավելագույն հաջողություն ունենալ: Եւ խոսք չի կարող լինել, թե փորձում ենք հանձնել կամ հանձնում ենք այս կամ այն ընտրատարածքը»,- նշեց Հովհաննես Սահակյանը եւ հավելեց. «Եթե 33 ընտրատարածքներում որոշում ենք կայացրել առաջադրումներ անել, անկախ նրանից կին է, թե տղամարդ, պայքարելու ենք, եւ առաջադրված անձինք էլ ունեն հեղինակություն տվյալ ընտրատարածքում»: