Մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մեծ «բում» եղավ լրատվամիջոցների ներկայացուցիչների հավանական առաջադրումների հետ կապված: Սակայն, դրանից հետո ավելի բուռն քննարկումների արժանացան շոու բիզնեսի ներկայացուցիչներ առաջադրումները: Սկսեցին շրջանառվել մի շարք երգիչ- երգչուհիների անուններ, որոնք բարձրաձայնեցին Աժ մտնելու իրենց ցանկության մասին: Օրերս ՀՀԿ-ին է անդամագրվել երգչուհի Շուշան Պետրոսյանը եւ հայտարարել, որ ցանկանում է պատգամավոր դառնալ: Ի դեպ, մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ` Շուշան Պետրոսյանն ընդգրկված է ՀՀԿ համամասնական ցուցակում:
Շոու բիզնեսի երկրորդ ներկայացուցիչը, ում անունը համառորեն շրջանառվում է այս համատեքստում, DJ Վակցինան է` Արուսիկ Մկրտչյանը: Նա NEWS.am-ի թղթակից հետ զրույցում հերքեց, որ ՀՀԿ համամասանական ցուցակով պատգամավոր դառնալու ցանկություն ունի: «Միշտ էլ եղել եմ իշխանամետ, լեւոնական երբեք չեմ եղել»,- ասաց նա` հավելելով, որ շատ հնարավոր է, որ կանդամագրվի որեւէ իշխանական կուսակցության, հավանական է` ՀՀԿ-ին (թեեւ, իր խոսքով, լավ է վերաբերում նաեւ ԲՀԿ-ին, ՄԻԱԿ-ին եւ այն կուսակցություններին, որոնք Հայաստանի համար դրական բան են անում), ոչ թե այն պատճառով, որ ՀՀԿ-ն ուժեղ է, պարզապես գաղափարական ընդհանրություն ունի նրանց հետ: Նա պատրաստ է մասնակցել նաեւ նախընտրական քարոզարշավին, եթե իհարկե իր սրտով լինի ակցիաները, օրինակ` դրանք լինեն առողջապահական կամ բնապահպանական:
Թե ի՞նչ նպատակով են շոու բիզնեսի ներկայացուցիչները ցանկանում մտնել խորհրդարան, պարզ չէ: Շատերը նշում են, որ այսկերպ նրանք իրենց PR-ն են անում:
Ինչպե՞ս են վերաբերում կուսակցությունները շոու բիզնեսի աստղերի` մեծ քաղաքականություն մտնելուն
Կուսակցությունների դիրքորոշումն աստղերի ցանկությանը` հայտնվել ԱԺ-ում, միանշանակ չէ, որոշ ուժեր դա ողջունում են, որոշները` ոչ այդքան:
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ հանրային հնչեղություն ունեցող մարդկանց ԱԺ-ում հայտնվելուն շատ լավ է վերաբերում, իսկ ՀՀԿ համամասնական ցուցակում աստղերի ընդգրկվածությունը պարզ կդառնա այն հրապարակելուց հետո` մի քանի օրից:
«Օրինաց երկիր» կուսակցության մամուլի քարտուղար Սուսաննա Աբրահամյանը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշեց, որ իրենց կուսակցության համամասնական ցուցակում շոու բիզնեսի ներկայացուցիչներ ընդգրկված չեն, բայց նորմալ են վերաբերում նրանց ցանկությանը` զբաղվելու քաղաքականությամբ:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակում եւս շոու բիզնեսի ներկայացուցիչներ ընդգրկված չեն: ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշեց, որ շրջանառվող անուններից որոշներն իր համար տարակուսելի եւ զարմանալի են, այնուամենայնիվ, յուրաքանչյուրն ինքն է որոշում իր քայլերի տրամաբանությունը: Նա չի ցանկանում գնահատական տալ երեւույթին, բայց իր համար մի քիչ տարօրինակ է այդ ոլորտի ներկայացուցիչների «անհասկանալի մղումը» դեպի խորհրդարան: «Տպավորություն է, թե դա նրանց համար նորաձեւության վերջին ճիչն է»,-ասաց նա:
«Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ սովորական է վերաբերում շոու բիզնեսի ներկայացուցիչների ԱԺ պատգամավոր դառնալու ցանկությանը, եթե իհարկե դա պետք է օգնի բարեփոխումներին, ոչ թե փոխատեղումների խնդիր լուծի: «Ժառանգության» համամասնական ցուցակում եւս շոու բիզնեսի ներկայացուցիչներ չեն լինի:
ՀՀՇ վարչության նախագահ, ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը եւս նշեց, որ ՀԱԿ-ի համամասնական ցուցակում նման անձինք չկան, թեեւ ինքը շոու բիզնեսի ներկայացուցիչների` քաղաքականությամբ զբաղվելու ցանկությանը նորմալ է վերաբերում:
ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Սպարտակ Սեյրանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ թեեւ շոու բիզնեսի ներկայացուցիչների` քաղաքականությամբ զբաղվելու ցանկությանը վերաբերում է ըմբռնումով, սակայն ՀՅԴ համամասնական ցուցակում շոու բիզնեսի ներկայացուցիչների ներգրավվածության «հավանականությունը ձգտում է զրոյի»: Նա նաեւ ընդգծեց, որ ՀՅԴ ցուցակը դեռ պատրաստ չէ:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն էլ ընդգծեց, որ իրենց համամասնական ցուցակում կարող է ընդգրկվել ցանկացած մասնագիտության մարդ, բայց շոու բիզնեսի ներկայացուցիչների ընդգրկվելը պարզ կլինի մարտի 16-ին նախատեսված համագումարի ժամանակ: Լինելով լիբերալ կուսակցության անդամ` նա նորմալ է վերաբերում ցանկացած իրավազոր քաղաքացու մասնակցությունը ընտրություններին եւ պատգամավոր դառնալուն:
Պատրաստեց` Ինգա Մարտինյանը




























