2007 թ. Սլովակիայում սնանկանում է «Սլովակ Էյրլայնս» (Slovak Airlines) ընկերությունը, որից հետո սլովակյան ավիափոխադրումների դաշտը բաց է մնում, ու այդտեղ որոշում է հաստատվել «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը:

Մ. Բաղդասարովը Սլովակիայում հիմնում է «Սլովակյան Էյրլայնս» (Slovakian Airlines) ընկերությունը, որն ուներ ընդամենը մեկ ինքնաթիռ (Բոինգ 737-500), որը վարձակալել էր «Արմավիայից»: 2011 թ. սեպտեմբերի 20-ին այս ինքնաթիռը ժամանում է Բրատիսլավայի «Միրոսլավ Շտեֆանիկ» օդանավակայան, սակայն այդ օդանավն այդպես էլ ոչ մի թռիչք չի իրականացնում: Այսինքն`ընկերությունն, ըստ էության, չի գործում, կամ էլ գուցե սնանկ է հայտարարվում: Ընկերությունում Մ. Բաղդասարովի գործընկերը Առնոլդ Մեձիրացկի անունով տեղացի գործարարն էր:

Հատկանշական է, որ Մ. Բաղդասարովը Սլովակիայում ներկայացել է որպես ռուսաստանցի գործարար, կամ էլ, սլովակյան կայքերից մեկի բնորոշմամբ` «մոսկվացի ազդեցիկ գործարար, որը խոշոր բիզնեսներ ունի Արեւելյան Եվրոպայում, Ռուսաստանում եւ Հայաստանում»: Հավանաբար` Մ. Բաղդասարովն ամաչել է իր հայկական ծագումից: Իսկ եթե նա իսկապես Ռուսաստանի քաղաքացի է, հարց է առաջանում` ինչո՞ւ է «Արմավիան» համարվում ազգային փոխադրող:

Սլովակյան կայքերից մեկի բնորոշմամբ` «Սլովակյան Էյրլայնսի» անհաջողության պատճառներից են այն պարտքերը, որոնք նա կուտակել է տեղի օդանավակայանին` օդանավի կայանման համար, ինչպես նաեւ անձնակազմին:

Այդպես էլ պարզ չեղավ, թե ինչ պատահեց «Բոինգի» հետ, որը պետք է թռչեր Սլովակիայի դրոշի ներքո: Հայտնի է միայն, որ այդ իրադարձությունից հետո «Արմավիան» «Չեխական ավիաուղիներից» գնել է մի նոր «Բոինգ 737-500», որի գալուստը հանդիսավորությամբ նշվեց 2011 թ. նոյեմբերին: Ի դեպ` «Արմավիայի» պաշտոնական կայքում մինչ այսօր բացակայում է որեւէ տեղեկատվություն այն մասին, որ ընկերությունը «Բոինգ» ունի: Ըստ պաշտոնական կայքէջի, «Արմավիան» ունի 3 հատ Airbus A319, 3 հատ Airbus A320, 3 հատ CRJ-200LR, 1 հատ Як-42, 1 հատ Sukhoi Superjet 100:

Այս պատմությունը միգուցե ուշագրավ է նրանով, որ լույս է սփռում այն փաստի վրա, թե ինչու «Արմավիան» լուրջ ֆինանսական խնդիրներ ունի` պարտքեր կուտակելով տարբեր կազմակերպությունների: Ըստ երեւույթին` ընկերությունը ֆինանսական կորուստներ է կրել Սլովակիայում հաստատվելու փորձի ընթացքում, ինչն ազդել է հայաստանյան ու ռուսաստանյան գործընկերների հետ հարաբերությունների վրա:

Սամվել Ավագյան