«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն իր արտահերթ 2-րդ համագումարին չէր հրավիրել կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչներին:

Համագումարից հետո կայացած ճեպազրույցում կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը նշեց, որ իրենք «հրավիրել են այն քաղաքական ուժերին, որոնք իրենց պատկերացմամբ չեն խոչընդոտում այսօրվա Հայաստանի ժողովրդավարական ընթացքը»:

Նշենք, որ համագումարին որպես հյուր մասնակցում էր Հայաստանի նախկին արտգործնախարար, օրերս ԲՀԿ-ին անդամակցած Վարդան Օսկանյանը: Լրագրողների հարցին, թե ինչու է հրավիրվել Օսկանյանը, Խաչատուր Քոքոբելյանը պատասխանեց. «Ես կզարմանայի, որ այդ հարցը չհնչեր», իսկ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը իր կողմից նշեց, որ Վարդան Օսկանյանը հրավիրվել է որպես անհատ, այլ ոչ որպես «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչ:

«Վարդան Օսկանյանի այստեղ լինելը չի ազատում նրան մարտի 1-ի համար պատասխանատվությունից, կարծում եմ` բավարարված եք»,- պարզաբանեց Արարատ Զուրաբյանը:

Համագումարին չէին մասնակցում նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու ՀՀՇ ներկայացուցիչները: Քոքոբելյանն այդ կապակցությամբ նկատեց, թե անձամբ շատ է հարգում Լեւոն Տեր-Պետրոսյանին, բայց կարծում է, թե հրավերը ձեւականություն կլիներ: ՀՀՇ-ին չհրավիրելու վերաբերյալ էլ խոսեց ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը` նկատելով, որ ում պետք է` հրավիրել էին: