Երեւանի Կենտրոնում` թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված գործարար Գարեգին Նուշիկյանն առողջ մրցակցություն է ակնկալում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Նուշիկյանը նշեց, որ շատ նորմալ է պատկերացնում մրցակցությունը Խաչատուր Սուքիասյանի հետ: «Ընտրությունն ինքնին ենթադրում է մրցակցություն: Ակնկալում եմ առողջ, նորմալ մրցակցություն»,- նշեց գործարարը:

Գարեգին Նուշիկյանը նաեւ հերքեց շրջանառվող խոսակցությունները, թե իրեն խնդրել են առաջադրվել Խաչատուր Սուքիասյանի դեմ: Մասնավորապես նշվում էր Նուշիկյանի խնամու` գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի անունը: «Ինձ ոչ ոք չի խնդրել, որ առաջադրվեմ: Թիվ 10 ընտրատարածքը ոչ մեկի սեփականությունը չի, եւ եթե ինչ-որ մեկն առաջադրվում է, դա չի նշանակում որ առաջադրվում է ինչ-որ մեկի դեմ»,- նշեց գործարարը:

Վերջինս, ի դեպ, անկուսակցական է, սակայն այդ տարածքում առաջադրվել է Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից: Հարցին, հնարավո՞ր է, որ անդամակցի որեւէ կուսակցության, Գարեգին Նուշիկյանը պատասխանեց. «Ժամանակը ցույց կտա»:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի