Այսօր` մարտի 16-ի առավոտյան, հերթական քարաթափումն է գրանցվել Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 32-րդ կմ-ին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի Լոռիի  թղթակիցը, դեպքը տեղի է ունեցել նույն այն վայրում, որտեղ ամիսներ առաջ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից իրականացվեցին պայթեցման աշխատանքներ:

Թեեւ ժամեր անց ճանապարհն արդեն անցանելի էր, սակայն քարաթափումները շարունակական են: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում ճանապարհով երթեւեկող վարորդները դժգոհել են, որ քարաթափումները շարունակում են, սակայն խնդրին հստակ լուծում այսքան ժամանակ դեռևս տրված չէ: «Պետք ա պարտադիր մի քար ավտոյի վրա ընկնի, մարդիկ զոհվեն, որ հասկանան վտանգավորության աստիճանը»,-դժգոհել են նրանք:

Վարորդների փոխանցմամբ, թեեւ հիմա էլ քարաթափումներ լինում են, սակայն ձնհալից հետո վիճակը ավելի կվատանա, քանի որ հողը կթուլանա ու հոսքը ավելի կմեծանա:

Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի