Երեւանում, այսօր` մարտի 16-ին, տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելլեի հանդիպումը:

Ողջունելով իր գերմանացի գործընկերոջը՝ Էդվարդ Նալբանդյանն ասել է.

«Ինձ համար շատ հաճելի է հյուրընկալել Ձեզ Հայաստանում երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակի հոբելյանական տարում:

Այս քսան տարիների ընթացքում մեզ հաջողվել է ձեւավորել իրական բարեկամական հարաբերություններ՝ հաստատել բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, ձեւավորել լայն իրավապայմանագրային դաշտ, զարգացնել եւ ընդլայնել առեւտրատնտեսական կապերը, իրականացնել զարգացման ու ներդրումային ծրագրեր, միջխորհրդարանական եւ ապակենտրոնացված համագործակցություն, ակտիվացնել գիտակրթական եւ մշակութային կապերը»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Գիդո Վեստերվելեն ընդգծել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական տարում կարելի է արձանագրել, որ երկու երկրների համագործակցությունը զարգացել եւ ամրապնդվել է եւ այսօր առկա է դրա առավել ընդլայնման բոլոր նախադրյալները:

Էդվարդ Նալբանդյանն ու Գիդո Վեստերվելեն քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ. անդրադարձել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, տնտեսական համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերին:

Հայաստանի եւ Գերմանիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին՝ գոհունակություն հայտնելով այդ ոլորտում արձանագրված առաջընթացի կապակցությամբ:

Նախարար Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Այս առումով նախարար Վեստերվելլեն Գերմանիայի աջակցություն է հայտնել Մինսկի խմբի համանախագահության կողմից ձեռնարկվող ջանքերին՝ ընդգծելով խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

Հայաստանի եւ Գերմանիայի արտգործնախարարները հանգամանալից անդրադարձ են կատարել Միջին Արեւելքում տեղի ունեցող իրադարձություններին, մտքեր փոխանակել Հարավային Կովկասում անվտանգության եւ կայունության ամրապնդմանն առնչվող խնդիրների շուրջ:

Բանակցությունների օրակարգում էին Աֆղանստանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերն ու այդ գործընթացում Գերմանիայի եւ Հայաստանի ներդրումը:

Գերմանիայի արտգործնախարարը ներկայացրել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԵՄ դիրքորոշումը, ինչի կապակցությամբ Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը հուսով է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ լուծումներ եւ համաձայնություններ կգտնվեն բանակցությունների միջոցով՝ միջազգային հանրության եւ Իրանի համատեղ ջանքերով: