Իջեւանի Խաշթառակ գյուղի մանկապարտեզը մարտի 19-ի գիշերը թալանել են, տանելով աման լվանալու սարքը, լվացքի մեքենան, գազօջախը, սառնարանը, հեռուստացույցը, թվային նվագարկիչը, երաժշտական կենտրոնը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Խաշթառակի գյուղապետ Հայկ Քամալյանը: Նրա խոսքով, մանկապարտեզին մոտավորապես 1.5 միլիոն դրամի վնաս է հասցվել:
Հարցին, թե կասկածյալներ կա՞ն, թե` ոչ, գյուղապետը պատասխանեց. «Ես կասկածում եմ բոլորին` սկսած ինձնից, ինչքան Հայաստանում մարդ կա այս պահին: Ինչպես կարող եմ չկասկածել, եթե այդ փաստը դեռ չի բացահայտվել»:
Հարկ է նկատել, որ մանկապարտեզը 2010թ-ին է կահավորվել ժամանակակից տեխնիկայով` «Վորլդ վիժն» կազմակերպության աջակցությամբ: Իսկ գողության մասին հաղորդումը տվել է մանկապարտեզի տնօրեն` Անժելա Վիրաբյանը:
Այս գործով քննիչ Եփրեմ Գալստյանն էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով: Նրա խոսքով, ներկա պահին դեռեւս կասկածյալներ չկան:




























