«168 ժամ» թերթն այսօր` մարտի 20-ին, ուշագրավ հոդված է հրապարակել ՀՀԿ-ում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ: Թերթը մասնավորապես նշում է, որ ամրապնդվում են ՀՀԿ-ի նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը դիրքերը:

Հոդվածի առանցքում  Հ. Աբրահամյանի ամրապդնվելուն զուգահեռ  վարչապետ Տիգրան Սարգսյանի դիրքերը զիջելու հանգամանքն է:

Թերթը նշում է. «ՀՀԿ-ում նաեւ խոսում են, որ իրենց ցուցակի վրա մեծ է եղել ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի ազդեցությունը: Հատկապես Կարեն  Ճշմարիտյանի ու Վարդան Այվազյանի դեպքում,  մինչեւ ՀՀԿ համագումարը կարծիք կար, թե նրանք չեն լինելու անցողիկ տեղերում: Համագումարից հետո ՀՀԿ-ում կարծես թե իրավիճակը փոխվեց` պաշտոնանկ արված Հ. Աբրահամյանին ավելի մեծ լիազորություններ տրվեցին: Եվ ՀՀԿ-ականների մի մասը վերը նշված երկու պատգամավորների 27 եւ 28 տեղերում հայտնվելը համարում են շտաբի պետի ներդրումը»:

Մեր աղբյուրների փոխանցմամբ` Հ. Աբրահամյանի դիրքերի ամրապնդման մասին է վկայում նաեւ այն հանգամանքը, որ Աբրահամյանի  իրավական հարցերով նախկին խորհրդական Արփինե Հովհաննիսյանը հայտնվել է համամասնական ցուցակի 40-րդ անցողիկ հորիզոնականում:

Ըստ աղբյուրի`  համամասնական ցուցակը կազմելիս ՀՀԿ-ականները ընտրություն են կատարել Տ. Սարգսյանի եւ Հ. Աբրահամյանի թիմերի միջեւ: Ամենայն հավանականությամբ, Տ. Սարգսյանի «համահայկական» բառով սկսվող գաղափարները հոգնեցրել են հանրապետականներին, եւ դրա վկայությունն է, որ ցուցակում Սարգսյանի թիմակից համարվող նախարարները Աբրահամյանի մարդկանցից հետո են հայտնվել:

Իսկ դա նշանակում է, որ վաղ էին խոսակցություններն այն մասին, որ Աբրահամյանը զիջել է դիրքերը, իսկ հանրապետականները նախապատվությունը տալիս են  Սարգսյանին, այլ ոչ` Աբրահամյանին:

Այս համատեքստում ոչ պակաս կարեւոր է նաեւ նախօրեին կայացած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը, որի արդյունքներն ակամայից մատնանշում են, որ Հ. Աբրահամյանն ի վիճակի է ինչ-ինչ պայմանավորվածություններ ձեռք բերել Գ. Ծառուկյանի հետ: