«Մեր պետությունում դժվար է ապրելը։ Մենք լիարժեք չենք ապրում, սա կյանք չի։ Ամեն օր գալիս եմ թեյխանա(թեյարան), այստեղ նստում մինչեւ ճաշը, գնում եմ տուն, ինչ գտնում եմ ուտում եմ, հետո նորից հետ գալիս»,- պատմում է Հայաստանի եւ Վրաստանի սահմանում գտնվող Սադախլո գյուղի բնակիչ, ադրբեջանցի Մուսա Բադալովը: Աշխատանք չունենալու պատճառով նա օրվա մեծ մասն անց է կացնում թեյխանայում(թեյարան): Տուն չի գնում, քանի որ ամաչում է երեխաներից, որոնք նույնպես տանը սոված են:
« Ամաչում եմ տանը նստեմ: Ամեն օր ամոթ եմ զգում երեխաներիս առջեւ: Առավոտյան 8-ին նրանք դասի են գնում, իսկ ես պառկած եմ անկողնում: Սրանից վատ կարո՞ղ է լինել»: Մառնեուլի շրջանում գտնվող այս գյուղը հիմնականում բնակեցված է ադրբեջանցիներով, որոնց քանակը հասնում է 10-15 հազարի: 2006 թվականին Սադախլոյի շուկայի փակումից հետո տեղի բնակչությունը զրկվել է եկամտի հիմնական աղբյուրից եւ մնացել առանց աշխատանքի:
«Այստեղ աշխատանք չկա: Ես բարձրագույն կրթություն ունեմ, 91 թվականին ավարտել եմ ինժեներա-շինարարական ինստիտուտը, բայց հիմա պատրաստ եմ ցանկացած աշխատանք անելու»,-ասում է Մուսան` շարունակելով, որ նախքան շուկայի փակվելը կյանքը համեմատաբար ավելի լավ էր. « Առաջ քիչ թե շատ ապրում էինք, առեւտուր կար, ընկերներ ունեի Բաքվում եւ Հայաստանում, Բաքվից ապրանքներ էինք բերում եւ վաճառում Հայաստանում, ինչ-որ կերպ ապրում էինք, իսկ հիմա երբ շուկան փակել են…..:
Մուսան միակը չէ, ով աշխատանք չունի եւ ծանր դրության մեջ է: Ռամիզ Շամշիեւը նույն վիճակում է: Նրա խոսքով, Սադախլոյում ապրող 15 հազար ադրբեջանցիներից միայն 4 տոկոսն է նորմալ ապրում: Մուսան ասում է, որ փող աշխատելու համար նա հաճույքով արտագնա աշխատանքի կմեկներ. „Բայց ու՞ր գնամ: Օրինակ Բաքու՞, այնտեղ էլ է դժվար աշխատանք գտնելը, մշտական աշխատանք չկա: Այս տարի երեք անգամ եղել եմ Բաքվում, մի փոքր գումար վաստակել, դպրոց գնալու համար երեխաներին հագուստ գնել: Սակայն Բաքվում աշխատելու համար ժամանակավոր գրանցում են պահանջում, դա նույնպես գումար արժե>>:
Ռամիզն էլ իր հերթին նշում է, որ եթե նույնիսկ աշխատանք է լինում, ապա միայն 15-20 օրով, հետո 1,5-2 ամիս առանց աշխատանքի են մնում“:
Սադախլոյում աշխատանքի եւ եկամտի այլ աղբյուր չկա: Այնտեղ գյուղատնտեսությամբ հիմնականում չեն զբաղվում, որովհետեւ ոռոգման ջուր չկա: Բադալովն ասում է, որ միայն շատ հմուտներն են մշակում իրենց հողերը, սակայն ստացված գումարն էլ շատ քիչ է լինում:
»Կարճ ասած այս պետությունում մենք այնպիսի վիճակում ենք հայտնվել, որ շարժվել չի լինում: Ես չեմ ասում, որ պետությունը վատ մտադրություններ ունի, սակայն հիմա դժվար է ապրել: «Եթե Վրաստանի եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները լավ լինի եւ սահմանը բացվի, մենք էլ աշխատանք կունենանք» ասում է Ռամիզը` հավելելով, որ " Նախքան ռուս վրացական պատերազմը, Սադախլոյի բնակչության 10-15 տոկոսը մեկնում էր Ռուսաստան աշխատանքի եւ այդ կերպ գոնե կերակրում իր ընտանիքներին, «սակայն հիմա դա էլ չկա»:
«Պետությունը պետք է խելքը գլուխը հավաքի եւ որոշի բացել Ռուսաստանի հետ սահմանը, այլապես տարեցտարի ավելի վատ է լինում»-շարունակում է Ռամիզ Շամշիեւը:
Նշենք, որ Սադախլոն Վրաստանի Քվեմոքարթլի մարզի գյուղերից է:
Քվեմոքարթլիի շրջանը՝ մեծամասամբ, իսկ Սադախլոն հիմնականում՝ բնակեցված է ադրբեջանցիներով: Սադախլոյի եւ Բագրատաշենի շուկան 2006 թվականի ապրիլին փակել են Վրաստանի իշխանությունները` պատճառաբանելով, «թե այն մաքսանենգության օջախ է, գտնվում է սահմանի մոտ եւ դրա առկայության պայմաններում երկու հարեւան երկրների անվտանգությունը վտանգված է»:
Սադախլո-Բագրատաշեն համատեղ շուկան, որպես այդպիսին ստեղծվել է 1992 թվականին, այստեղ վաճառվել է Ադրբեջանից, Սիրիայից, Թուրքիայից բերված սննդամթերք եւ հագուստ:




























