Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մեկնարկել են Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածում գտնվող «Մոր եւ մանկան առողջության պահպանման» ԳՀԿ-ի հարակից պուրակի բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքները:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախագծի համաձայն պուրակի միջանկյալ երկու կողմերով անցնելու են ասֆալտապատված լայն ճեմուղիներ` եզրագծված ծառաշարերով եւ կանաչ սիզամարգերով: Այդ նպատակով կվերանորոգվեն տարածքի միջնամասի կանաչ գոտու եզրաքարերը եւ աստիճանահարթակները:
Հետիոտների հանգստի ապահովման համար կտեղադրվեն հարմարավետ նստարաններ, նաեւ աղբամաններ: Տարածքը կապահովվի նաեւ գիշերային լուսավորությամբ: Դենդրո նախագծի իրականացման համար պուրակում արդեն սկսվել են ոռոգման ցանցի անցկացման աշխատանքները: Զուգահեռաբար նախապատրաստական աշխատանքներ են տարվում կանաչապատման, ծաղկապատման եւ պուրակի ընդհանուր ձեւավորման ուղղությամբ:



























