Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների կանաչապատման ձեռնարկությունների տնօրենների հետ հրավիրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկել է մայրաքաղաքի կանչապատման ընթացիկ եւ նախատեսված աշխատանքներն ու առանձնացրել այն հիմնական ուղղությունները, որտեղ անելիքները դեռ շատ են: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Գնահատելով ներկայում կատարվող աշխտանքները`քաղաքապետը նշել է, որ «Կանաչ Երեւան» կարգախոսին համապատասխան քաղաք ունենալու համար պետք է եռապատկել կանաչապատ տարածքների խնամքը եւ հնարավորին ավելացնել դրանք:

Քաղաքապետը նշել է, որ մայրաքաղաքի զբոսայիգների, պուրակների եւ կենտրոնական փողոցների կանաչապատման ու ծաղկապատման աշխատաքներին զուգահեռ պետք է աշխատանքներ տարվեն նաեւ բակային տարածքներում ու այն հատվածներում, որտեղ հնարավոր է ունենալ բարեկարգ եւ կանաչապատ գոտի: Հաշվի առնելով վերջին երկու տարիների ընթացքում մայրաքաղաքի ոռոգման ցանցի արդիականացման ուղղությամբ կատարված ու շարունակվող աշխատանքները` Տարոն Մարգարյանը հավաստիացրել է, որ առաջիկայում ամբողջությամբ կլուծվի ոռոգման ջրի խնդիրը, հավելելով, որ մասնավորապես այս տարի նախատեսված է 16 կմ ջրագծի անցկացում:

Կկրկնապատկվի ծաղկային ձեւավորումների եւ սիզամարգերի թիվը, կհամալրվի նաեւ մշտադալար ծառերի քանակը: Քաղաքապետը հանձնարարել է խիստ հետեւողական աշխատանք տանել ապօրինի ծառահատումների կանխման ուղղությամբ, այդ թվում նաեւ ծառերի ապօրինի կտրման հնարավոր դեպքերի բացահայտման ու բացառման նպատակով գիշերային ժամերին տարածքները վերահսկելով: Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաեւ, անհրաժեշտության դեպքում, ավելացնել աշխատուժը եւ խրախուսել աշխատակիցներին: