Ընտրություններին մոտենալուն զուգընթաց քաղաքական գործիչները շրջանառության մեջ են դնում տարաբնույթ ծրագրեր ու գաղափարներ: Միշտ չէ, որ դրանք ներկայացվում են պատշաճ բացատրություններով, ուստի շատ հաճախ ընտրողների մոտ հարց է առաջանում, թե այս կամ այն տերմինն ի՞նչ է նշանակում:

Մասնավորապես, միանգամից 2 քաղաքական ուժ հայտարարել են, որ Հայաստանում պետք է իրականացնել ժողովրդական կապիտալիզմի քաղաքականություն: Նախ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության արտահերթ 6-րդ համագումարում Գագիկ Ծառուկյանը հայտարարեց այդ մասին, ապա Հայ ազգային կոնգրեսը ներկայացնող Հրանտ Բագրատյանը մամուլի ասուլիսում նշեց, որ իրենք եւս այդ քաղաքականության ջատագովն են:

Ի՞նչ է նշանակում այս տերմինը: Այն առաջին անգամ շրջանառության մեջ է դրել ամերիկացի տնտեսագետ Լուիս Կելսոն, 20-րդ դարի 40-50-ական թվականներին այս տեսությունը շատ լայն տարածում գտավ: Իմաստն այն է, որ աշխատավորները պետք է դառնան այն ընկերությունների բաժնետեր, որտեղ աշխատում են: Ժողովրդական կապիտալիզմը դիտվում է որպես այլընտրանք օլիգարխիական կապիտալիզմին:

Ներկայում ԱՄՆ-ում աշխատավորների 15%-ն աշխատում է հենց այն ընկերությունում, որի բաժնետերն է հանդիսանում:

Ժողովրդական կապիտալիզմի ամենահաջողված քաղաքականությունը, ըստ տարածված գնահատականի, իրականացվել է Մեծ Բրիտանիայում` Մարգարիտ Թեթչերի օրոք: Ըստ այդմ` աշխատավորներին հնարավորություն է տրվել սեփական ընկերության բաժնետոմսը ձեռք բերել շուկայականից էժան: Այդ մեխանիզմն օգտագործում են նաեւ այլ երկրներում:

Ռուսաստանում եւս փորձ է արվել անցնել ժողովրդական կապիտալիզմի: Դեռ 1998 թ. մի օրենք ընդունվեց, որով հնարավորություն էր ընձեռվում «ժողովրդական ձեռնարկություններ» ստեղծել, որոնց կանոնադրական կապիտալի մեծ մասը պատկանել է այնտեղ աշխատողներին: 4 տարում ստեղծվել է 80 նման ձեռնարկություն, որոնցում աշխատում են 30 հազ. մարդ: Ըստ ռուսական մամուլի արձագանքների` դրանք շատ արդյունավետ ընկերություններ են:

Հնարավոր է արդյո՞ք ժողովրդական կապիտալիզմի քաղաքականություն իրականացնել Հայաստանում: Նախ նշենք, որ 90-ական թվականների սկզբին սեփականաշնորհվող ձեռնարկությունների 20 % բաժնեմասի անհատույց տրամադրումը աշխատակիցներին` հենց ժողովրդական կապիտալիզմի վառ օրինակ էր: Ինչ որ առումով ժոցովրդական կապիտալիզմի օրինակ կարելի է համարել նաեւ վաուչերների ձրի բաժանումը բնակչությանը: Սակայն այնուհետ այդ բաժնետոմսերն անցան մի խումբ մարդկանց` կարիքից կամ այլ պատճառներով մարդիկ զանգվածաբար հրաժարվում էին եւ վաուչերներից, եւ բաժնետոմսերից:

Այնուհետ զարգացավ մեկ այլ գործընթաց` ընկերությունների մեծ մասը ստեղծվում է որպես սահմանափակ պատասխանատվությամբ: Բայց ժողովրդական կապիտալիզմի քաղաքականություն իրականացնելու համար անհրաժեշտ է ընկերությունները վերակազմավորել բաժնետիրականների, ու նախընտրելի է` բաց բաժնետիրականի: Սակայն փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ հարկային արտոնության տրամադրումը չի շահագրգռում ընկերությունների սեփականատերերին` «բացել» ընկերությունը, քանի որ հաշվետվականության բարձրացման խնդիր կա: Ու ամեն ինչ նորից գալիս հանգում է ստվերին ու ստվերի կրճատմանը:

Այսինքն` օլիգարխներին ներկայում ոչ ոք չի խանգարում ընկերության շահույթներով կիսվել այդ ընկերությունում աշխատողների հետ, նրանց տրամադրելով բաժնետոմսեր: Այն որ օլիգարխիական շրջանակներում արդեն կարեւորում են դրա անհրաժեշտությունը` թեկուզեւ նախընտրական պոպուլիզմի տարափի ներքո, արդեն իսկ դրական միտում է:

Սամվել Ավագյան