Թերթը զրուցել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի հետ.
Տիկին Ալավերդյան, ինչո՞ւ, այնուամենայնիվ, «Ժառանգության» ձեր գործընկերները չցանկացան տեսնել ձեզ հաջորդ խորհրդարանում։
Ես այդպես չէի ասի։ Դա իմ որոշումն էր. ես սկզբունքորեն համաձայն չեմ եղել նախընտրական այս կարճ ժամանակահատվածում որեւէ քաղաքական ուժի հետ դաշինքի կամ դաշինքատիպ ինչ-որ հարաբերությունների մեջ մտնելուն։
Հիշեցնեմ, որ անկուսակցական եմ, եւ արդեն մի անգամ կուսակցության հրավերն ընդունելով, ժամանակի ընթացքում միշտ հրապարակային ձեւով ներկայացրել եմ իմ տեսակետները։ Փոքրամասնության մեջ էի նաեւ այն ժամանակ, երբ «Ժառանգությունը» կոչ արեց քվեարկել Լ.Տեր-Պետրոսյանի օգտին, եւ շատ հստակ արտահայտել եմ իմ անհամաձայնությունը։
Այս դեպքում էլ հայտնել եմ իմ կարծիքը, որովհետեւ համարում եմ, որ ավելի նպատակահարմար է առանձին գնալ ընտրությունների, մանավանդ` ժամանակի այս հատվածում։ Եթե կար նման մտադրություն, ապա այսօր նույն ցուցակում հայտնված անձանց կողմից պետք է լինեին համատեղ միջոցառումներ, գործողություններ, մենք էլ իմանայինք, հասարակությունն էլ հասկանար, որ կան խորքային ընդհանրություններ, որոնց մասին այսօր խոսվում է։ Ցավոք, նման բան տեղի չի ունեցել։
Կարինե Հակոբյանը «Ժառանգության» ցուցակը ոչ միայն անհասկանալի, այլեւ անարդար է համարում։ Համաձայն չե՞ք, որ տարիներ շարունակ «Ժառանգության» թիմում «կռված» մարդիկ չպետք է հայտնվեին ցուցակի «կասկածելի» հորիզոնականներում` անցողիկ տեղերը «զիջելով» նորելուկներին։
Ես համամիտ եմ տիկին Կարինեի մտահոգություններին։ Այս 20 տարիների մեր ամենակարեւոր նվաճումներից մեկը բազմակարծությունն է, այն, որ ցանկացած մեկը հնարավորություն ունի արտահայտելու իր տեսակետը։ Ուղղակի կոչ եմ անում բոլորին` կոռեկտ լինել քննադատության մեջ, չանցնել էթիկայի սահմանները։ Տվյալ դեպքում տիկին Կարինեն էլ շատ կոռեկտ, հստակ արտահայտել է իր դժգոհությունները եւ կուսակցությունից դուրս գալու շարժառիթները։
Բոլոր դեպքերում, դա «Ժառանգության» քաղաքական որոշումն է. հաշվարկը թերեւս այն է, եւ այդ մասին ասվել է խորհրդի ընդլայնված նիստում, որ հանրությանը հայտնի դեմքերը պետք է լինեն ցուցակի երկրորդ տասնյակում։ Այսինքն՝ սա ուղերձ է հասարակությանը. եթե այս մարդկանց հավատում եք, գնահատում եք նրանց աշխատանքը, պետք է վստահեք նաեւ ցուցակի առաջին մասում ընդգրկված անձանց, եւ քվեարկեք նրանց օգտին։




























