Հայաստանում մարտի 15-ից մինչև 21-ը Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության դիտացանցը գրանցել է 3 բալանոց ստորգետնյա ցնցում, որը տեղի է ունեցել մարտի 21-ին Մարտունի քաղաքից 13 կմ հարավ-արևելք: Այդ մասին NEWS.am –ին հայտնեցին ՍՊԱԾ-ից: Հայաստանի բնակիչները, մասնավորապես Վեդի քաղաքում, զգացել են մարտի 17-ին Հայաստան-Ադրբեջան (Նախիջևան) սահմանային գոտում գրանցված 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժը` Արարատ քաղաքից 10 կմ հարավ-արեւելք գտնվող էպիկենտրոնով:
Տարածաշրջանում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ գրանցվել է 13 երկրաշարժ: Մարտի 17-ին Իրանի տարածքում 2 երկրաշարժ է տեղի ունեցել, մեկը` 4 բալ ուժգնությամբ Խոյ քաղաքից 19 կմ հարավ-արևելք, մյուսը` 3-4 բալանոց Ահար քաղաքից 5 կմ արեւմուտք: Նույն օրը Թուրքիայի Բուլանիկ քաղաքից 45 կմ հարավ-արևելք գտնվող էպիկենտրոնով երկրաշարժն ունեցել է 3 բալ ուժգնություն: Դարձյալ 17-ին Թուրքիա-Իրան սահմանային գոտում` Սարայ քաղաքից 26 կմ հարավ-արեւելք, տեղի է ունեցել 3-4 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցում, որին մարտի 19-ին հաջորդել է 3 բալանոց ցնցում: Մարտի 17-ից 20-ը Վրաստանի Գորի քաղաքից 40 կմ հարավ գրանցվել է 5 երկրաշարժ, որից երեքը` 4-5 բալ, իսկ երկուսը` 3 բալ ուժգնությամբ, տուժածներ կամ ավերածություններ չկան: Մարտի 18-ին Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում` Վարդենիս քաղաքից 33 կմ հյուսիս-արևմուտք, տեղի է ունեցել 3 բալանոց սեյսմիկ իրադարձություն: Մարտի 20-ին 3-4 բալ ուժգնությամբ 2 երկրաշարժ է գրանցվել` Վրաստանի Հիրսա քաղաքից 9 կմ հարավ-արևմուտք և Իրան-Թուրքիա սահմանային գոտում, Մակու քաղաքից 31 կմ հարավ-արևմուտք:




























