Եվրոպական պարբերականները անդրադարձել են Թուրքիայի նախագահի եւ վարչապետի արձագանքներին` կապված Շվեյցարիայում մինարեների արգելման հետ: Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ` գերմանական Bild պարբերականի առաջին էջում եղել են Էրդողանի խոսքերը. «Մինարեների արգելումը նշանակում է ֆաշիզմ» եւ Աբդուլլահ Գյուլի խոսքերը. «Ամոթանք»:
Թուրքիայի խորհրդարանում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է հետեւյալը. «Իսլամի ֆոբիան հակասեմիզմի պես մի բան է դառնում: Եվրոպայում գնալով ավելանում է ռասիզմը եւ ֆաշիստական վերաբերմունքը: Մինարեների կառուցման արգելումը մարդկության դեմ իրականացված հանցագործություն է»,-ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն էլ Հորդանան մեկնելուց առաջ, օդանավակայանում լրագրողներին ասել էր, որ մինարեների արգելումը Շվեյցարիայի ամոթն է, եւ նշել է, որ դա ցույց է տալիս, թե ինչքան է եվրոպական հասարակության մեջ աճել իսլամի դեմ թշնամանքը:
Նշենք, որ 5 տոկոս մահմեդական բնակչություն ունեցող Շվեյցարիան կատարել է հանրաքվե` կապված մինարեների կառուցման թույլտվության հետ, եւ 57տոկոսը ոչ է ասել:




























