Այս տարվա հունվարի 17-ից (երբ Երեւանի մի շարք փողոցներում ու 10 խաչմերուկներում տեղադրվեցին տեսախցիկներ ու արագաչափեր) հետո մինչ օրս Երեւանում ճանապարհատրանսպորտային պատահարները նվազել են: Այդ մասին այսօր` մարտի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Հայկ Սարգսյանը: Արդյունքում` զոհերի թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 6-ով, մարմնական վնասվածքներ ստացողներինը` 17-ով: Ընդհանուր առմամբ, գրանցվել է 21 հազ. ճանապարհային երթեւեկության խախտում: Ըստ Հ. Սարգսյանի` վարորդներն ավելի զգույշ են դարձել:
«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հ/կ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը նշեց, որ եթե նախկինում գերակշռում էին արագության խախտումները, ապա հիմա գերակշռում են խախտումները խաչմերուկներում: Ընդ որում` խաչմերուկային խախտումները մոտ 5 անգամ գերազանցում են արագության խախտումներին:

























