Հայաստանում օտարերկրյա պետությունների դեսպանատների ու հյուպատոսությունների ավտոմեքենաները պարբերաբար ու ակնհայտ խախտում են ճանապարհատրանսպորտային երթեւեկության կանոնները, իսկ նրանց նկատմամբ վարչական տույժերի նշանակումը խնդիրներ է հարուցում: Այդ մասին այսօր` մարտի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:
ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Հայկ Սարգսյանը ըստ էության չհերքեց այդ փաստերը, սակայն դիվանագիտորեն նշեց, որ որեւէ մեկը չի կարող խուսափել պատասխանատվությունից: «Ուրիշ բան` զինված ուժերին պատկանող եւ դրանց հավասարեցված տրանսպորտային միջոցների նկատմամբ կազմվում է արձանագրություն եւ ուղարկվում զինված ուժեր, որտեղ կիրառվում են կարգապահական տույժեր»,- ասաց Հ. Սարգսյանը:




























