Մարտի 22-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Արմավիր-Ջանֆիդա ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-3110» եւ «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «ԳԱԶ-3110»-ի վարորդը, 2 ուղեւորները եւ «ԳԱԶ-53»-ի 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության լրատվական վարչությունից հայտնում են, թե նույն օրը մարտի 22-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան Մեղրիի մաքսակետ-Երեւան ճանապարհի 34-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ գլորվել ձորը, ինչի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Իսկ ժամը 19-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Շիրակի փողոցի թիվ 8 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 43-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բոլոր դեպքերում էլ կատարվում է քննություն:




























