2012թ. Առաջին կիսամյակում Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմել է Սիրիայի 3248 քաղաքացի, այդ թվում` 2957-ը ՀՀ արտգործնախարարության միջոցով, 291-ը` ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչություն:

«Փաստինֆո» գործակալության փոխանցմամբ, դիմածների 99 տոկոսը ազգությամբ հայեր են:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության հուլիսի 26-ի նիստում ընդունված որոշմամբ դյուրացվեց սիրիահայերին վիզա տրամադրելու գործընթացը: Նրանք կարող են Հայաստանի մուտքի վիզա ստանալ ոչ միայն այդ երկրում գործող Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններում, այլև` Հայաստանի սահմանին:

Ինչպես հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության (ՄՊԾ) ապաստանի հարցերի բաժնից, տարեսկզբից մինչև հուլիսի 26-ը Հայաստանում փախստականի կարգավիճակ ստանալու խնդրանքով դիմել են սիրիահայ 18 ընտանիքների 37 անդամներ: Բոլոր դիմումները բավարարվել են: Ըստ նույն աղբյուրի, սիրիահայերի մի մասը գերադասում է բնակվել հարազատների, բարեկամների բնակարաններում, իսկ կացարան տրամադրելու խնդրանքով բոլոր դիմումները ՄՊԾ-ի կողմից բավարարվում են: