News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մոնղոլիայի մի խումբ մասնագետներ Հայաստանում են ընտանեկան բժշկության ոլորտում մեր երկրի փորձն ուսումնասիրելու նպատակով: Ընտանեկան բժշկության զարգացման նպատակով կառուցվածքային նոր բարեփոխումների գործընթացում գտնվող Մոնղոլիայի առողջապահության նախարարությունն այն կարծիքին է, որ դա հնարավորություն կտա զարգացնելու համապարփակ ապացույցների վրա հիմնված քաղաքականություն եւ իրականացնելու առողջության առաջնային պահպանման ռազմավարության բարեփոխումներ:

Ընդունելով Մոնղոլիայի առողջապահության նախարարության պատվիրակությանը` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն ընդհանուր գծերով ներկայացրել է անկախացումից հետո առողջապահական համակարգում իրականացված բարեփոխումները։ Ընդգծելով առողջության առաջնային օղակի կարեւորությունը` փոխնախարարն անդրադարձել է ընտանեկան բժշկության ներդրման ուղղությամբ իրականացված քայլերին եւ այդ ինստիտուտի գործարկմանը։

Սերգեյ Խաչատրյանը վստահեցրել է, որ նախարարությունը պատրաստակամ է ներկայացնելու ընտանեկան բժշկության կայացման մեր երկրի փորձը եւ նպաստելու, որ Մոնղոլիայի պատվիրակության այցն արդյունավետ լինի։

Մոնղոլիայի առողջապահության նախարարության պատվիրակության ղեկավար Բաասայ Բուլգանչիմեգը նշել է, որ իրենք տեղեկացված են, որ վերջին տարիների ընթացքում ընտանեկան բժշկությունը Հայաստանում կայացել է, եւ այս ոլորտում հայ մասնագետների փորձը լավագույնն է տարածաշրջանի երկրներում։

Այնուհետեւ Մոնղոլիայի առողջապահության նախարարության պատվիրակությունը եւ ՀՀ առողջապահության նախարարության մասնագետներն անցկացրել են աշխատանքային քննարկումներ։

Պատվիրակության անդամները կայցելեն հանրապետության տարբեր մարզերում գործող ընտանեկան բժշկության գրասենյակներ, կուսումնասիրեն  տրամադրվող  ծառայությունների մատուցմանը, դրանց որակի հսկողությանը վերաբերող, ինչպես նաեւ կազմակերպչական, ֆինանսական եւ այլ հարցեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ