Ազգային ժողովում հաճախ են գործում «հեշտ է շռայլ լինել, երբ ուրիշի փողերն ես ծախսում» սկզբունքով։ Այս մասին գրում է«Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Այստեղ արտասահմանյան գործուղումների ավիատոմսեր գնելիս հարկատուների փողերով գնում են ամենաթանկ տոմսերը։
Ուսումնասիրենք ավիատոմսերի մի քանի պատվեր՝ ԱԺ-ից։ Այսպես, մայիսի 20-30-ը ԱԺ պատգամավորներից մեկի՝ Երեւանից Տալին, այնտեղից Բրյուսել մեկնելու եւ Երեւան վերադառնալու ավիատոմսն արժեցել է 1 մլն 133 հազար դրամ։ Մայիսի 27-30-ը տեղի ունեցած Երեւան-Մոսկվա-Երեւան չվերթի 1 տոմսը ԱԺ աշխատակազմը գնել է 306 հազա դրամով, այնինչ նույն տոմսի իրական արժեքն է մոտ 210 հազար դրամ։ Եվ, եթե հաշվի առնենք, որ այդ օրը ԱԺ-ից ՌԴ է գործուղվել 11 ներկայացուցիչ, ստացվում է, որ անհարկի շռայլվել է ավելի քան 1 մլն դրամ...
ԱԺ-ում շռայլ են ոչ միայն ավիատոմսերի հարցում։ 2013թ. համար ԱԺ-ն «Մաքսհուր» ՍՊԸ-ի հետ կնքել է պայմանագիր՝ 48 հազար լիտր պրեմիում եւ 324 հազար լիտր ռեգուլյար բենզին, 6000 լիտր դիզվառելիք գնելու մասին։ Սրա ընդհանուր արժեքը կազմում է 168 մլն 360 հազ. դրամ կամ 408 հազ. 650 ԱՄՆ դոլար։ Ստացվում է, որ մեկ օրվա մեջ ԱԺ աշխատակազմը ծախսում է 1100 ԱՄՆ դոլարի վառելիք...»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):




























