Հարավ-կովկասյան երկաթուղու հատուկ նշանակության ինքնագնացի արգելակների խափանման դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
«Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Վահե Դավթյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ գլխավոր տնօրենի հրամանով՝ ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը զբաղվելու է դեպքի ուսումնասիրմամբ: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել գլխավոր ինժեներ Արամ Եդիգարյանը: Մամուլի քարտուղարն ասաց, որ հանձնաժողովը կպարզի դեպքի հանգամանքները, պատճառները եւ կմշակի միջոցառումների ցանկ: «Պատասխանատվության կենթարկվեն անվտանգության նորմերի խախտումներ թոյլ տված աշխատակիցները, իսկ քննության ավարտից հետո նյութերը երեքօրյա ժամկետում կներկայացնեն աշխատանքի պետական տեսչություն եւ դատախազություն»,- ասաց նա:
Վահե Դավթյանի խոսքով՝ միջադեպի պատճառը տեխնիկական էր, արգելակման խնդիր է եղել, փորձել են արգելակել, չի հաջողվել, մեքենավարը դուրս է նետվել պատուհանից, մինչդեռ մյուս 4 հոգին մնացել են գնացքում եւ նրանց ոչինչ չի եղել:
«Թե ինչու է այդպես եղել եւ ում պատճառով, ցույց կտա քննությունը:
Բացի Արթուր Թամազայանից՝ եղել են եւս չորս հոգի, որոնք մնացել են գնացքի մեջ, փորձել են կանխել, իրենց ոչինչ չի եղել: Միջադեպը եղել է թեք տարածության վրա, իսկ երբ մեքենան դուրս է եկել հարթավայր, ինքնուրույն կանգնել է: Եթե մեքենավարը դուրս չնետվեր գնացքից, կարող էր վնասվածքներ չստանար»,- ասաց մամուլի քարտուղարը՝ հավելելով, որ վթարի ենթարկված մեքենան հատուկ տեխնիկա է, որը զբաղվում է երկաթուղային գծերի վերանորոգմամբ:
Հիշեցնենք, Հարավ-կովկասյան երկաթուղու հատուկ նշանակության ինքնագնացի մեքենավար 24-ամյա Արթուր Թամազյանը ընթացքի ժամանակ իրեն դուրս էր նետել: Երիտասարդը բազմաթիվ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Ամենայն հավանականությամբ, երիտասարդին այդ քայլին դրդել էր մեքենայի անսարքությունը. ինչ-որ պահի նա զգացել էր, որ արգելակները չեն գործում: Արթուր Թամազյանին «Արմավիրի» բ/կ-ից տեղափոխել են «Էրեբունի» հիվանդանոց, նրա վիճակը ծանր է:





























