Սիսիանի բժշկական կենտրոնում 28-ամյա հղի կնոջ մահված պատճառը կպարզի նշանակված դատաբժշկական փորձաքննությունը, բայց նախնական եզրահանգմամբ՝ նա մահացել է պտղաջրերի էմբոլիայից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սիսիանի բ/կ-ի տնօրենի տեղակալ Վարդուշ Թեւանյանը:

Նա նշեց, որ կնոջ հղիությունը ընթացել է նորմալ, վերջին շրջանում մի քիչ ինքնազգացողության վատացում է նկատվել, հետո դիմել է գոտկային շրջանի ցավերի համար, հենց նույն օրը հոսպիտալացվել է: Նա տեղեկացրեց, որ կնոջը մի քանի անգամ ուլտրաձայնային հետազոտություն են արել, կենդանի պտուղ էր, խաղը զգացել է, առավոտյան արձանագրվել է պտղի ներարգանդային մահ, նա ծննդալուծվել է բնական ճանապարհով՝ առանց որեւէ վիրահատական միջամտության: «Տեղափոխելուց հետո սուր ցավեր է սկսվել, ինքնազգացողության վատացում, օդի անբավարարության զգացում, միանգամից թուլացած վիճակ»,-ասաց փոխտնօրենը՝ վստահեցնելով, որ ամեն ինչ արել են, սակայն ոչինչ չի օգնել: Խորհրդակցել են թե հանրապետության գլխավոր մասնագետների հետ, թե Երեւանից ռեանիմացիոն բրիգադ է եկել, բայց ապարդյուն: Բժիշկների նախնական եզրահանգմամբ՝ կնոջ մոտ պտղաջրերը անցել են արյան մեջ, փակել տարբեր անոթներ, հասել կենսական կարեւոր օրգաններին, թոքերին, ինչն էլ բերել է շոկային վիճակի, սուր սիրտ-անոթային անբավարարոթյան առաջացման, ու այդ ամենը եղել է ընդամենը րոպեների ընթացքում:

Կինը Սիսիանից է, նա ունի մեկ երեխա, ում եւս ունեցել է Սիսիանի հիվանդանոցում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սիսիանի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում օրերս հղի կին է մահացել: Այս մասին NEWS.am-ին հայտնել էին ծննդաբերական բաժանմունքից:

«28 տարեկան էր, 24 շաբաթական հղի»,- ասացին աշխատակիցները:

Թե որն է մահվան պատճառը, հիվանդանոցից հրաժարվեցին հայտնել՝ նշելով, թե փորձաքննությունը կպարզի պատճառը: