Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը, որն ինստիտուտում 19-ամյա Հայկազ Բարսեղյանի սպանությունից հետո ազատվել է պաշտոնից, փետրվարի 1-ին ներկա է եղել նրա հուղարկավորությանը, ներողություն խնդրել նրա ծնողներից: Այս մասին NEWS.am-ին ասաց Հայկազի հորեղբայրը՝ Ալեքսան Վանյանը:
«Ինստիտուտի ամբողջ կազմը ներկա է եղել: Իրենք նույնպես ծանր էին տանում, նույնիսկ լաց էին լինում: Մայրը որ ասում էր՝ երեխուն ձեզ եմ տվել, ասեցին՝ ճիշտ եք ասում, մենք մեղավոր ենք, ուղղակի ոչ մեկս չէինք ուզի, որ սենց լիներ: Ասեցին՝ կներեք, մենք մեղավոր էինք, մենք սխալ էինք, մենք պիտի պահեինք երեխուն»,- պատմեց հորեղբայրը:
Հայկազի հորեղբոր խոսքով՝ իրենց համար սպասելի էին ինստիտուտում պաշտոնանկությունները, թեեւ կարծում են, որ դա անիմաստ կլինի, եթե հետագայում չկանխվեն նման դեպքերը. «Պետը շատ նորմալ մարդու տպավորություն թողեց: Դե իրենք ի՞նչ մեղավոր են, ի՞նչ իմանային, որ որոշ զինվորներ նման կերպ կվարվեին: Իսկ պաշտոնանկությունը պետք է լիներ նման բարձրագույն ռազմական հաստատությունում: Հետագայում դաս կքաղեն, թե ոչ, դա չգիտեմ»:
Հայկազի հուղարկավորությանը ներկա են եղել նաեւ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի դասախոսական կազմը, որը Հայկազն ավարտել է գերազանցությամբ։
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում Երևանում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Մեղադրանք է առաջադրվել Հայկազ Բարսեղյանի համածառայակիցներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին, նրանք կալանավորված են:
Հիշեցնենք, որ Հայկազի հարազատները NEWS.am-ին պատմել էին, որ տղային սպանել էին դաժանորեն, սուր կտրող գործիքը մտցրել թեւը: Ըստ փորձաքննության՝ Հայկազը մահացել է մեխանիկական շնչահեղձ լինելուց, ինչի պատճառով հարազատները կարծում են, որ ծառայակիցները նախ ծեծել են տղային, ապա տարել, կախել ինստիտուտի մարզահրապարակի պտտաձողից, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե նա ինքնասպան է եղել: Հարազատները կարծում են, որ նման հաշվեհարդարի պատճառն այն է եղել, որ Հայկազը չի ենթարկվել ինտիտուտում 4 ծառայակիցների ստեղծած վախի մթնոլորտին:
Հայկազ Բարսեղյանը Արարատի մարզի Նիզամի գյուղում, ընտանիքի ավագ որդին էր, նա երկու եղբայր ունի՝ 8 եւ 12 տարեկան: Հայկազի ընտանիքն ապրում է սոցիալական ծանր պայմաններում:





























