Աբովյանի քաղաքապետի ընտրություններում հնարավոր է առաջադրվի ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մելիք Մանուկյանի եղբայրը՝ Վարդան Մանուկյանը: NEWS.am-ի թղթակցին հարցին ի պատասխան, թե որքանով են իրականությանը համապատասխանում մեզ հասած լուրերը, որ Ձեր եղբայրը կառաջադրվի ընտրություններում, պատգամավորը այսպես պատասխանեց. «Բայց ինչի՞ ես կասկածում, որ հնարավոր չէ, ի՞նչ է՝ թոփա՞լ է, քո՞ռ է, հիվա՞նդ է, ի՞նչ է եղել, որ չառաջադրվի»:
Իսկ թե ով է իր եղբայրը, ինչ ուղի է անցել, պատգամավորը նշեց, որ «անկուսակցական է, բարձրագույն ավարտ է, ավարտել է Պոլիտեխնիկ ինստիտուտը, ամբողջ կյանքում աշխատել է դիրեկտոր, հիմա էլ դիրեկտորների դիրեկտոր է՝ խորհրդի նախագահ»:
Պատգամավորին շատ զայրացրել էր լրատվամիջոցների հրապարակումները, թե Աբովյան քաղաքում գտնվող շշերի գործարանը փակվել է, այդտեղ բաժնետոմսերի 50 տոկոսը ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խնամի, ԲՀԿ խմբակցության անդամ, պատգամավոր Մուրադ Գուլոյանինն է: «Ոչ մի բան էլ չի փակվել, էս ի՞նչ մխտառ ժողովուրդ են: Դա սուտ է, վերին աստիճանի սուտ: Հիմա ռեմոնտ ենք անում, ձեւափոխում ենք, երեք ցեխերը շփշփալով աշխատում են, օրական 1000 հատ շիշ ենք արտահանում, էլ ի՞նչ ասենք: էդ ի՞նչ հերյուրանք են անում, ո՞վ է ձեզ ասում, որ Գուլոյան Մուրադը փայատեր է, էդ ինչ բաներ է այ մարդ, թուււ: Շշերի գործարանի միակ սեփականատերը ես եմ ու ես էլ կմնամ միշտ: Էս ձեռներովս եմ սարքել, մնացածների նման չեմ, որ գնամ, առնեմ, ծախեմ, գողանամ, էս հողից, բնից սարքել եմ»:
Նշենք, որ Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանին նշանակել են Կոտայքի մարզպետ, այժմ այդտեղ արտահերթ ընտրություն պետք է լինի:





























