Ադրբեջանական գերությունից վերադարձած՝ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը նորից ստացիոնար բուժում է ստանում:
NEWS.am-ի հետ զրույցում Արսենի մայրը՝ տիկին Սվետան, հայտնեց, որ Արսենը մարտի 24-ին տեղափոխվել է ՀՀ առողջապահության նախարարության Մաշկաբանության եւ սեռավարակների գիտաբժշկական կենտրոն:
«Փսորիազը կրկնվել է նորից ու ստիպված հիմա էլի բուժում է ստանում: Այս պահին վիճակն արդեն բավականին լավ է»,- ասաց տիկին Սվետան:
Նշենք, որ Արսենը փետրվարի 23-ին էր հիվանդանոցից դուրս գրվել: Նա անցած տարվա օգոստոսից պարբերաբար բուժում է ստանում հիվանդանոցում:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանը 2014թ.-ի մարտի 7-ին հատել էր ՀՀ ու Ադրբեջանի ԶՈւ շփման գիծը եւ գերի ընկել։ Ապրիլի 10-ին ԿԽՄԿ աջակցությամբ Արսեն Խոջոյանը հայրենադարձվել էր։ Արսենը վերադառնալուց հետո բողոքում է առողջական խնդիրներից, իրեն թույլ է զգում եւ ֆիզիկապես, եւ հոգեպես:




























