Ամերիկյան հինգերորդ սերնդի բազմաֆունկցիոնալ F-35 Lightning II կործանիչի պոտենցիալ գաղտնի բաղադրիչները սխալմամբ ուղարկվել են Չինաստան, որտեղ դրանք կարող են ենթարկվել ուսումնասիրության։ Այս պնդումը ներկայացվում է Bloomberg գործակալության նյութում։

Աղբյուրների փոխանցմամբ՝ Lockheed Martin ընկերության արտադրած դետալները, այդ թվում՝ օդաչուի խցիկի ծածկոցն ու սպառազինության բաժանմունքի դուռը, մայիսին Ավստրալիայից ուղարկվել էին ԱՄՆ՝ հնարավոր վերանորոգման կամ ուտիլիզացման համար: Սակայն UPS ընկերությունը, դեռևս անհայտ պատճառներով, դրանք հասցրել է Հոնկոնգ:

Հիշատակված բաղադրիչները պատրաստվել են գաղտնի տեխնոլոգիաների կիրառմամբ, որոնք ապահովում են ինքնաթիռի ռադարային տեսանելիության նվազեցումը (ստելս-տեխնոլոգիա): Աղբյուրների վարկածով՝ Չինաստանի իշխանությունները ստացել են դետալները և դեռևս չեն վերադարձրել:

Պենտագոնի ներկայացուցիչները ավելի վաղ հայտարարել էին, որ աշխատում են դետալները հետ վերադարձնելու և տեղի ունեցածի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, ԱՄՆ-ում կարծում են, որ Չինաստանը ձգտում է F-35-ի վերաբերյալ ավելի շատ տեղեկություններ ստանալ: Այս մտահոգություններն էլ դարձել էին ԱՄԷ-ին նշված կործանիչների վաճառքի գործարքի ձախողման պատճառներից մեկը: