News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանը՝ «Յուվեցի Կարոն», պնդում է, որ մայիսի 4-ին ձերբակալված նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանը դեռ 2011թ.-ին «շատ մարդկանց է քցել»:

NEWS.am-ի հետ զրույցում Կարո Կարապետյանը հորդորեց նախ ուսումնասիրել դատախազության ունեցած տվյալները, ապա պաշտպանել Գոհար Ենոքյանին:

«2011թ.-ին ինքը մի քանի միլիոնի խաբեբայություն ա արել, մարդկանց ա քցել ու էն ժամանակ նախաքննություն չի կատարվում: Հետո էլ գրում են՝ ինքը մեղք ա, հիվանդ ա: Ինքը ոչ միայն մեզ ա «քցել», հազարավոր մարդկանց կյանքն ա կերել, փողերը տարել: Տականքի մեկն ա, ես դա գիտեմ»,- ասաց «Յուվեցի Կարոն»:

Անդրադառնալով մամուլի տարածված տեղեկություններին, թե Գոհար Ենոքյանը կասկածվում է իր սպանությունը նախապատրաստելու մեջ, պատգամավորը նշեց, որ այդ մասին ոչինչ չգիտի: Այնուամենայնիվ, նա հայտնեց, որ «կան զապիսներ, որոնք տարել, հանձնել են դատախազությանը»:

«Որ Նաիրա Զոհրաբյանը խոսում ա ըսենց, ընենց, էդ զապիսներն անօրինակա՞ն են, որ տարել են Հատուկ քննչական ծառայություն: Ամեն դեպքում ինձ Հատուկ քննչական ծառայություն չեն կանչել, ես չեմ իմանում՝ ինչ ա, ինչի համար ա կասկածվում»,- ավելացրեց նա:

Թե ինչ «զապիսների» մասին է խոսքը, պատգամավորը չնշեց:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 4-ին Հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ, գործարար Գոհար Ենոքյանը։ Մեր տեղեկություններով՝ Գոհար Ենոքյանին ձերբակալել են տեւական ժամանակ քննվող մի գործի շրջանակներում, որը կապված է նախկին պատգամավորի եղբորորդու հետ: Գործում շոշափվում է նաեւ ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավորի՝ «Յուվեցի Կարոյի» անունը: Ըստ տեղեկությունների՝ Գոհար Ենոքյանը կասկածվում է «Յուվեցի Կարոյի» սպանությունը նախապատրաստելու մեջ:

Ըստ ՀՔԾ-ի՝ Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված կարգով նախաքննությունը շարունակելու համար ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործով 2015 թվականի մայիսի 4-ին սպանության նախապատրաստություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Գոհար Ենոքյանը:

Նշենք, որ Գոհար Ենոքյանը 1997-2007թթ. Եղել է «Գարուն» ԲԲԸ խորհրդի նախագահ եւ գործադիր տնօրեն, իսկ 2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

Տպել
Ամենաշատ