Հայաստանի փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության գործով մի շարք պաշտոնյաներ կարող են պատասխանատվության ենթարկվել:

Դիմեցինք Մհերյանի հորը՝ Պետրոս Մհերյանին՝ փորձելով ճշտել, թե ինչ նորություններ կան գործով: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ Ազգային անվտանգության ծառայությունում առանձին պաշտոնատար անձանց կողմից  իրենց լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ գործ է հարուցվել: Իսկ թե կոնկրետ ինչում են մեղադրվում պաշտոնյաններին եւ ովքեր են նրանք, Պետրոս Մհերյանն ասաց, որ տեղյակ չէ:

Հիշեցնենք, որ փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանն սպանվել է 2009թ-ի  փետրվարի 3-ին ժամը 20.15-ին, Երեւանի Բարբյուս փողոցի 65 շենքի 7-րդ հարկի միջանցքում` վերելակից դուրս գալուց հետո։ Մհերյանի վրա արձակվել էր 8 կրակոց, որոնցից 5-ն էին նրան դիպել։ Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել էին 9 մմ տրամաչափի 8 պարկուճ եւ չորս գնդակ։ Ավելի ուշ պարզվել էր, որ Գեւորգ Մհերյանին մարդասպանը դարանակալել էր զոհի բնակարանի հարկաբաժնի վերելակի մոտ։ Երբ Մհերյանը վերելակից դուրս է եկել, մարդասպանն անմիջապես դիմահար կրակել էր նրա կրծքին եւ գլխին։ Մարդասպանի արձակած ութ կրակոցների ձայնը լսելի է եղել Մհերյանի հարկաբաժնում ապրող բնակիչներին։ Սակայն նրա հարեւանները մի քանի րոպե վախեցել էին տանից դուրս գալ, ինչի արդյունքում մարդասպանին հաջողվել էր հանցագործության վայրից աննկատ հեռանալ: