Իր իսկ բնակարանում կացնահարված Երեւանի  բնակիչ 25-ամյա Վլադիմիր Կարապետյանի սպանության մեջ կասկածվում է նրա հարազատ եղբայրը:

NEWS.am-ի տեղեկություններով՝  րոպեներ առաջ ոստիկանությունը բերման է ենթարկել է նրա 27-ամյա եղբորը: Վերջինս խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը: Եղբայրը պատմել է, որ տարաձայնություններ, հակասություններ են ունեցել եղբոր հետ, եւ ահա դեպքի օրը առավոտյան որոշել է վրեժխնդիր լինել, հաշվեհարդար տեսնել եղբոր հետ: Նա նշել է, թե լուսադեմին քնած ժամանակ երեք անգամ կացինով հարվածել է նրա գլխին: 

Եղբայրը սառնասրտությամբ պատմել է, որ մի անգամ երբ հարվածել է եղբորը, վերջինս սկսել է խռխռալ, եւ որպեսզի շատ չտանջվի, եւս երկու անգամ հարվածել է:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ այսօր՝  օգոստոսի 18-ին, ժամը 07:30-ի սահմանում ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Մեծարենցի փողոցի թիվ 75 տանը երիտասարդ տղայի կացնահարված դի կա: Տան հյուրասենյակում հայտնաբերել են 25-ամյա Վլադիմիր Կարապետյանի կացնահարված դին: Դեպքի առթիվ  արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: