News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ըստ վիճակագրական տվյալների՝ վերջին տարիներին Հայաստանում ընտանեկան բռնությունների ահազանգերն ավելացել են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Սոնա Հովակիմյանը՝ ավելացնելով, որ վիճակագրական տվյալների ձեռքբերմանը նպաստել է այն միտումը, որ տեղեկացվածության մակարդակի բարձրացմամբ պայմանավորված կանայք այժմ ավելի իրազեկ են իրենց իրավունքների մասին եւ բարձրաձայնում են իրենց նկատմամբ բռնության մասին։

«Այն կարծրատիպը, թե ընտանեկան բռնությունը ընտանիքի խնդիրն է, եւ պետք է լուծվի միայն ընտանիքի սահմաններում, կոտրվել է։ Ընտանեկան բռնության զոհերը գիտեն՝ որ ատյաններին դիմեն օգնության համար, եւ շատ հաճախ դիմում են»,-ասաց Սոնա Հովակիմյանը։

 Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամը նշեց, որ ընտանեկան բռնությունների պատճառները Հայաստանում զանազան են, հիմնական պատճառները, ըստ Սոնա Հովակիմյանի,  հոգեբանական, ֆիզիկականն եւ սոցիալական են։

«Ամեն մի փոքր բան կարող է ընտանեկան բռնության պատճառ լինել։ Ընտանեկան բռնությունների պատճառները կարող են լինել խանդի հողի վրա, հագուստի հետ կապված, կամ ասենք՝ տղամարդուն չի բավարարում կնոջ կեցվածքը կամ պահվածքը։ Սրանք առերեւույթ պատճառներն են, բայց հիմնական պատճառները շատ ավելի խորքային էին»,-նշեց նա։

 Ըստ Սոնա Հովակիմյանի՝ հայ տղամարդիկ ցանկանում են իշխանություն սահմանել իրենց կանանց նկատմամբ, ինչն էլ հանգեցնում է ընտանեկան կոնֆլիկտների եւ բռնությունների առաջացմանը։ 

«Մենք պատրիարխալ հասարակություն ենք, եւ դա չի կարող չանդրադառնալ ընտանեկան հաշտության վրա։ Տղամարդկանց շատ ավելի մեծ իշխանություն է տրված, քան կանանց հենց հասարակության կողմից։ Եթե կանանց եւ տղամարդկանց շրջանում հավասարություն չկա, բնականաբար, ընտանեկան բռնության դեպքերը շատանում են։ Երբ զույգերի հետ մասնագետ է աշխատում, կոնֆլիկտն ավելի հեշտ է հարթվում։  Մենք նման նախադեպ ունենք, զույգը կարողացել է հաղթահարել ընտանեկան անհաշտությունը եւ շարունակել համատեղ կյանքը»,-ասաց նա։

Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարող ՀԿ-ի ներկայացուցիչը նշեց, որ Հայաստանի կառավարությունը պետք է ընդունի ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքը, որը կնպաստի թե ընտանեկան բռնության կանխարգելմանն ավելի վաղ փուլերում, թե բռնության դեպքերի հետագա լուծմանը։

Նշենք, որ հոկտեմբերի 1-ին Հայաստանում նշվում է Ընտանեկան բռնությունների դեմ պայքարի ազգային օրը։

Տպել
Ամենաշատ