Հաջորդ շաբաթ պարզ կլինի, թե ով է գլխավորելու սահմանադրական փոփոխությունների շտաբը։ Այս մասին այսօր` հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Դեռ չեմ կարող ասել, թե ով է լինելու: Մեր կուսակցության գործադիր նիստում առաջիկայում կքննարկենք այդ հարցը, անպայման մասնակցելու ենք սահմանադրական փոփոխությունների գործընթացին»,– ասաց վարչապետը։

Հարցին` հնարավոր է, որ հենց Հովիկ Աբրահամյանը լինի այդ մարդը եւ այդ դեպքում արդյոք խնդիր չի առաջանա օրենքի հետ, վարչապետը պատասխանեց. «Օրենքի մեջ որևէ հակասություն չկա, մենք այդ հարցը մանրակրկիտ կքննարկենք մյուս նիստին»։

Նշենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6–ին։