Դեկտեմբերի 6–ին կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում ընտրակեղծար-րությունները համակարգային բնույթ են կրել, որի ընթացքում իշխանություններն օգտագործել են ընտրակեղծարարության ամբողջ զինանոցը, որ ստեղծել են տարիների ընթացքում։ Այս մասին հանրաքվեից հետո ուշ գիշերը ՀԱԿ–ի գրասենյակում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց «Ոչ»–ի ճակատի շտաբի ղեկավար Լեւոն Զուրաբյանը։
«Եղան լցոնումներ, բռնություն, հանձնաժողովների աշխատանքի դադարեցում, բազմակի քվեարկություններ։ Կար նորույթ, որը կապված էր լրացուցիչ ցուցակների հետ։ Մոտ կես միլիոն ձայն է կեղծվել»,– ասաց Զուրաբյանը` նշելով, որ, չգիտես ինչու, լրացուցիչ ցուցակներով իրենց ժամանակավոր բնակավայրում նույն ընտրատեղամասում քվեարկում էին նույն գյուղի հարյուրավոր բնակիչներ, որոնց բերում էին ավտոբուսներով։
Նրա խոսքով` պատահական չէր, որ լրացուցիչ ցուցակներով մասնակցության գործակիցն ավելի մեծ էր, քան սովորական ընտրողներինը։
Այնուամենայնիվ, Զուրաբյանը նշեց, որ հակառակ բոլոր մեքենայությունների, «ոչ»–ը հաղթել է, սակայն իշխանությունը «չի հանձնվում», շարունակում է պայքարել։
«Շատ տեղամասերում տեսնելով իրենց պարտությունը, իշխանությունը գնում է կեղտոտ մեթոդների, հիվանդացնում է հանձնաժողովների ղեկավարներին, լույս են հանգցնում, մի քանի ժամ չեն բացում արկղը, հաշվում են, հետո տեսնում են` «ոչ»–ը հաղթում է, խառնում են, հրաժարվում են արձանագրել արդյունքները»,– ասաց Զուրաբյանը։
Ըստ նրա` իշխանությունը դիմում է նաեւ «խղճուկ պրոպագանդիստական» հնարքի. սկզբում հրապարակում է միայն այն ընտրատեղամասերի արդյունքները, որտեղ «այո»–ն առավելություն ունի, որպեսզի ընտրակեղծարարների ոգին բարձր լինի, քանի որ հասկանում է, որ «ջախջախիչ պարտություն է կրել ամբողջ Հայաստանում»։
Զուրաբյանը նաեւ ներկայացրեց իրենց ունեցած տվյալները տարբեր տեղամասերից, որտեղ հաղթել է «ոչ»–ը։ Իսկ այն ընտրատեղամասերի արդյունքները, որտեղ հաղթել է «այո»–ն, «Ոչ»–ի ճակատը բողոքարկելու է արդյունքները։
Զուրաբյանը նշեց, որ «ճակատամարտը դեռ չի վերջացել»։
«Իշխանությունը շարունակում է դիմադրությունը, պետք է զգոն լինենք, տեղամասերում պետք է շարունակենք կռիվը, որ կարողանանք ժողովրդի քվեն պաշտպանենք»,– ասաց նա։




























