Թուրքիայի Տրապիզոն քաղաքում երկրից դուրս գալու փորձեր անելու ժամանակ ձերբակալվել են Ստամբուլի տարեց հայ ամուսինների տան դեմ հարձակում իրականացրած 8 կասկածյալներ։ Այս մասին հայտարարել է Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինը։
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Ստամբուլի նահանգապետը նշել է, թե Ստամբուլի Շիշլի թաղամասում տարեց հայ ամուսինների տան դեմ հարձակման նպատակը թալանն է եղել։ «Ոստիկանները կասկածյալներին հետապնդել են ու ձերբակալել Տրապիզոնում։ Նրանք տարբերակներ էին փնտրում երկրից հեռանալու համար։ Ձերբակալված 8 կասկածյալներից 7 Հայաստանի քաղաքացիներ են, իսկ մեկը Թուրքիայի հայ քաղաքացի»,-ասել է Ստամբուլի նահանգապետը։
Milliyet պարբերականն էլ նշել է ձերբակալած կասկածյալների անունները՝ Ա.Արթուր, Է.Արամ, Է.Սերգեյ, Բ.Մարիանա, Է.Լիդա, Բ. Նարգիզ, Մ. Արմինե, Մ.Քրիստինա։
Նշվում է, որ կասկածյալներից մեկը աշխատել է տարեց ամուսիններին պատկանող ոսկու խանութում։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին անհայտ անձիք մտել էին Շիշլիում ապրող տարեց հայ ամուսինների տուն, վերցրել թանկարժեք զարդեր ու խոշոր չափի գումար եւ մահացու «խոզի կապանքով» կապել տանտերերին ու հեռացել։ Մինչ իրավապահների դեպքի վայր հասնելը 85-ամյա ամուսինը խեղդվել էր, իսկ կնոջը մի կերպ են փրկել։