Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը հնարավոր է` երու շաբաթ հետո այցելի Հայաստան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը` նշելով, որ նրա այցը կապ չունի վերջին շրջանում Թուրքիայի խորհրդարանում նրա վրա կատարված հարձակումների հետ.«Նա լրիվ այլ առաքելությամբ է այցելելու Հայաստան, այլ բանի համար»:

Անդրադառնալով թուրք պատգամավորների հարձակումներին Կարո Փայլանի վրա, Սարգիս Հացպանյանը նշեց, որ պատճառը  Փայլանի հայկական արմատներն են:

«Թուրք պատգամավորների կրթական ցենզն անգամ Հայաստանի նախակրթարանի մակարդակից էլ ցածր է` չեն կարողանում հանդուրժել մի հայի, որը կարող է ազատ արտահայտվել, իրենց հետ հավասար լինել, լսելի դառնալու փորձ անել: Եթե նա լիներ թուրք կամ քուրդ, հարձակումներ չէին լինի: Ի պատիվ հայերի, Փայլանը կարողանում է հայի կերպարը բարձր մակարդակով ներկայացնել Թուրքիայում, Հրանտը դա արեց սպանեցին, հիմա էլ Կարոն է անում` մտավախություն կա, որ Կարոյին էլ կսպանեն: Հիմա բոլորն անհանգստացած են նրա ճակատագրով: Կարոն նույնպես Արեւմտյան Հայաստանի Մալաթիա թաղամասից է, ինչպես որ Հրանտ Դինքը: Նա «Հրանտի ընկերները» կազմակերպության անդամ է, որն  հիմա խնդիր է դրել իր առաջ` բարձրաձայնել եւ բացահայտել Հրանտի սպանությունը եւ ցույց տալ, որ պատվիրատուն Թուրքիայի հանրապետությունն է»:

Փորձագետի խոսքով, Թուրքիայում ապրող բոլոր հայերը, կարելի է ասել, որ պատանդի կարգավիճակում են` շատերը վախենում են անգամ ազատ արտահայտվելուց: Նրա խոսքով Կարո Փայլանը Թուրքիայում գտնվող հարյուր հազարով հայերից մեկն է, որոնք նույն կարգավիճակում են. « Կարոյի այսպիսի կեցվածքը Թուրքիայում ստեղծված իրավիճակի հակապատկերն է: Թուրքիաի խորհրդարանի մեր հայ պատգամավորներն են, որոնք պետք է այս ամենի մասին բարձրաձայնեն: Սակայն, ունենք Էռոլ Դորա անունով «կիսատ հայ պատգամավոր», որն ազգությամբ հայ է, բայց երբեք չի ասում այդ մասին` վախենում է, այսպիսի հայեր մեզ պետք չեն, մեզ Կարոյի նման հայեր են պետք: Մեր մյուս պատգամավորը Սերինա Դորան է, որը սքանչելի մարդ է` ընդդիմադիր կուսակցությունից, որը նույն Կարո Փայլանի քաղաքականությունն է վարում, սակայն, ավելի զուսպ կեցվածքով»:

Նշենք, որ Թուրքիայի խորհրդարանում քրդերին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու օրինագծի քննարկումների ժամանակ իշխող կուսակցության պատգամավորները 3 օր շարունակ հարձակվել են քուրդ պատգամավորների վրա եւ ծեծկռտուք սարքել։ Իսկ մայիսի 3-ին իշխող կուսակցության անդամների գլխավոր թիրախը եղել է Կարո Փայլանը:

Ավելի ուշ Կարո Փայլանը հայտարարել է, որ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներկայացուցիչները կանխամտածված իրեն թիրախ են ընտրել ծեծկռտուքի ընթացքում: