Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի պաշտոնական հանդիպումը տեղի է ունեցել Բակո Սակայնաի նստավայրում, որի ժամանակ քննարկման հիմնական թեման եղել է ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետ կապված հարցերը եւ դրանից հետո ստեղծված իրավիճակը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով, Ռոբերտ Քոչարյանը նաեւ այցելել է առաջնագիծ եւ հանդիպումներ ունեցել ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարական կազմի հետ: «Այցը ճանաչողական էր, նույնպիսի հանդիպումներ ԼՂՀ նախագահն ունեցել է նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ: Քննարկվել են նույն շրջանակի խնդիրներ»,-ասաց նա:

Բաբայանը խոսքով, մինչ այդ էլ Բակո Սահակյանը ամենօրյա կտրվածքով հեռախոսային շփումներ է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ: «Ընդհանրապես ԼՂՀ նախագահը շփումներ է ունեցել գրեթե բոլոր քաղաքական ուժերի առաջնորդների, քաղաքական գործիչների, հասարակական գործիչների հետ: Կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի մասով այստեղ որեւէ հատուկ ենթատեքստ չկա: Մտքերի փոխանակություն  է եղել»,-ընդգծեց Բաբայանը: