Մոսկվան չի նախատեսում Մինսկին գազի զեղչ տրամադրել: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Էներգետիկայի նախարարության ղեկավար Ալեքսանդր Նովակը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Պաշտոնյան նշել է, որ հաջորդ շաբաթ մտադիր է հանդիպել Բելառուսի էներգետիկայի նախարարի հետ: Ի թիվս այլ բաների, կողմերը կքննարկեն վառելիքի գները: 

Նախօրեին ռուսաստանյան նախարարը հաղորդել էր, որ Բեառուսը   «Գազպրոմին» 2016-ի ապրիլի համար պարտք է մնացել ավելի քան 125 մլն դոլար: Նրա բելառուս գործընկեր Վլադիմիր Պոտուպչիկը հայտնել է, որ Մինսկը չի ընդունում պարտքի առկայությունը: Նովակի խոսքերը նա բացատրել է գազի ոլորտում միջկառավարական համաձայնագրերի տարբեր մեկնաբանությամբ: 

Պոտուպչիկը նշել է, որ  «դա տեխնիկական հարց է, որը պետք է լուծենք»:

2015-ին Բելառուսը Ռուսաստանից գազ է գնել հազար խմ-ի դիմաց 142,4 դոլար գնով: Մինսկում այդ գինը չափազանց բարձր են կոչել եւ հայտնել են, որ մտադիր են   2016-ին հասնել գնի նվազման: Բանակցությունների արդյունքում, որոնց մասնակցել են երկու երկրի փոխվարչապետներ Արկադի Դվորկովիչը եւ Վլադիմիր Սեմաշկոն, կողմերն այդպես էլ չեն կարողացել պայմանավորվել զեղչի վերաբերյալ: 

Բելառուսի Էներգետիկայի նախարարության կարծիքով, ռուսաստանյան գազի արդար գինը հազար խմ-ի դիմաց 73 դոլարն է: