Չինական Fortune Oil ընկերությունն այս տարվա սկզբին տեղեկատվություն է տարածել Հայաստանի 3 երկաթահանքերը ձեռքբերելու մասին։
Չինական ընկերության պաշտոնական կայքէջում նշված է, որ Հրազդանի, Աբովյանի եւ Սվարանցի երկաթահանքերը ձեռք բերելու համար ներդրվել է 25 մլն դոլար։
Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից NEWS.am-ի հարցմանը ստացվել է հետեւյալ պարզաբանումը. «Ի պատասխան Հայաստանի երկաթի երեք հանքավայրերի վերաբերյալ Ձեր հարցադրումների` տեղեկացնում ենք, որ Հրազդանի հանքավայրը պատկանում է «Նագին» ընկերությանը, իսկ Աբովյանը եւ Սվարանցը` «Սփայս Սթիլ Արմենիա» ՓԲԸ-ին:
Տեղեկացնում ենք, որ վերջին ժամանակաշրջանում նշված հանքավայրերի մասով հանքային իրավունքները այլ ընկերությունների չեն փոխանցվել:
Ինչ վերաբերում է վերոնշյալ ընկերությունների բաժնետերերի փոփոխությանը, ապա ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունն այդ մասով որեւէ պաշտոնական ծանուցում չի ստացել»:
Նշենք, որ Fortune Oil-ի կայքում զետեղված տեղեկատվության համաձայն՝ հանքավայրերը ձեռք են բերվել միջնորդավորված կերպով։ Այսինքն՝ Fortune Oil-ը գնել է Bounty Resources Armenia Limited ընկերության կապիտալի 35 տոկոսը։ «Նագինը», ըստ այդ տեղեկատվության, Caspian Bounty Steel Limited-ի դուստր ընկերությունն է, իսկ վերջինս էլ, իր հերթին՝ դուստր է հենց Bounty Resources Armenia Limited-ին։ Ընդ որում՝ չինացիները համոզված են, որ «Նագինին» են պատկանում բոլոր 3 երկաթահանքերի շահագործման լիցենզիաները։ Նրանց հաղորդագրության մեջ «Սփայս Սթիլ Արմենիա»-ի մասին ոչինչ ասված չէ։
Նշենք նաեւ, որ «Նագինի» սեփականատերերի մասին տեղեկատվությունը, հնարավոր է, եւս իրականությանը չի համապատասխանում։ Բանն այն է, որ «Նագինը» պատկանում է բնապահպանության նախկին նախարար, ներկայում խորհրդարանի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին, եւ պաշտոնապես գրանցված է նրա կնոջ եւ տղայի անուններով։ «Նագինն» իսկապես մտադրություն ունեցել է շահագործել Հրազդանի երկաթի հանքավայրը, այդ նպատակով ստացել է բնապահպանության նախարարության փորձագիտական դրական եզրակացություն, սակայն 2009 թ. տնտեսական ճգնաժամի պատճառով ծրագիրը սառեցվել է։
Ինչ վերաբերում է «Սփայս Սթիլ Արմենիա»-ին, ապա նրա եւ նրա սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունները շատ սահմանափակ են։ Հայտնի է միայն, որ 2010 թ. Սպանդարյանի հարկային տեսչությունն այս ընկերության դեմ դատական հայց է ներկայացրել՝ 12,4 մլն դրամ բռնագանձելու պահանջով։ Այդ մասին, համենայնդեպս, նշված է Հայաստանի դատարանների պաշտոնական կայքէջում։ Ըստ մեր տեղեկությունների՝ «Սփայս Սթիլ Արմենիա»-ն ոչ թե Աբովյանի եւ Սվարանցի հանքերը շահագործելու, այլ ուսումնասիրություններ կատարելու իրավունք է ստացել, քանի որ դրանցում առկա արդյունաբերական պաշարները դեռ վերջնականապես հաստատված չեն։
Այս ամենը խոսում են այն մասին, որ չինական կողմի հայտարարությունը՝ հայկական երկաթահանքերը շահագործելու մասին, իրականությանը չի համապատասխանում։ Սակայն հաշվի առնելով, որ այս ոլորտը բավական ստվերային է, չենք բացառում, որ առաջիկայում նոր մանրամասներ ի հայտ կգան։
Սամվել Ավագյան





























