Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եվրոպացի առաջնորդների հետ վերջին մեկ տարվա ընթացքում կայացած առաջին հեռախոսազրույցի ժամանակ ոչ միայն վերահաստատել է Դոնբասն ամբողջությամբ Ռուսաստանին հանձնելու իր պահանջը, այլև միջնադարյան սլավոնների մասին հերթական պատմական դասախոսությունն է կարդացել։ Այս մասին հայտնում է «Financial Times»-ը՝ վկայակոչելով զրույցի բովանդակությանը ծանոթ երեք աղբյուրի։

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի հետ մեկուկես ժամ տևած զրույցի ընթացքում Պուտինը, Ուկրաինայում խաղաղ կարգավորման ուղիների վերաբերյալ կարևորագույն հարցերը քննարկելու փոխարեն, հյուսիսային երկու երկրների ներկայացուցիչների գլխին հակամարտության այսպես կոչված «նախապատճառների» մասին մի ընդարձակ «ճառ է լցրել»։ Աղբյուրների փոխանցմամբ՝ Ստուբն ու Ստյորեն որոշել են չընդհատել Պուտինի պատմական մենախոսությունը, որպեսզի հասկանան, թե որքանով է նա պատրաստ Եվրոպայի հետ լուրջ երկխոսության։

Եվրոպացի երկու առաջնորդներն էլ զրույցից հետո հայտնել են, որ ձգտել են Պուտինին ազդակներ հղել պատերազմի ավարտի շուրջ սպասվող բանակցությունների վերաբերյալ, որոնք, նախնական տվյալներով, կկայանան նոյեմբերին՝ ԱՄԷ-ում։ Ընդ որում, քաղաքական գործիչները նշել են, որ հանդես չեն եկել ողջ Եվրոպայի անունից։

Ավելի վաղ Կրեմլին մոտ կանգնած «Reuters»-ի աղբյուրը հայտնել էր, որ զրույցի ընթացքում ՌԴ նախագահը շեշտել է իր դիրքորոշման անփոփոխ լինելը, ինչը ենթադրում է ռուսական վերահսկողությանը հանձնել ողջ Դոնբասը, որը ՌԴ զինված ուժերն այդպես էլ չկարողացան գրավել լայնամասշտաբ պատերազմի գրեթե հինգ տարիների ընթացքում։ Գործակալության զրուցակցի խոսքով՝ Ստուբն ու Ստյորեն Պուտինին պատասխանել են, որ Ուկրաինայում «արդար» խաղաղություն է անհրաժեշտ։

Եվրոպական վերջին առաջնորդը, որը փորձել էր խոսել Ռուսաստանի ղեկավարի հետ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էր։ Նա Պուտինին զանգահարել էր 2025 թվականի հուլիսին, սակայն այդ բանակցություններն ապարդյուն էին անցել։

Առաջին անգամը չէ, երբ կարևոր հարցեր քննարկելու փոխարեն Պուտինն ընկղմվում է պատմության սեփական վարկածի շուրջ ընդարձակ դատողությունների մեջ։ Հեռուստահաղորդավար Թաքեր Կառլսոնը բողոքել էր, որ 2024 թվականի սկզբին նրա հետ կայացած հարցազրույցը վերածվել էր մի դասախոսության, որը պատմականորեն «հիմնավորում էր» Ուկրաինայի պատկանելությունը Մոսկվային։

Նույնը, ըստ FT-ի իրազեկ աղբյուրների, տեղի էր ունեցել 2025-ի օգոստոսին Ալյասկայում Դոնալդ Թրամփի հետ Պուտինի հանդիպման ժամանակ։ Նրանց խոսքով՝ ՌԴ նախագահն իր պատմական մենախոսությունը, որում հիշատակվում էին միջնադարյան իշխաններ Ռյուրիկն ու Յարոսլավ Իմաստունը, ինչպես նաև 17-րդ դարի կազակների առաջնորդ Բոգդան Խմելնիցկին, եզրափակել էր Ուկրաինայի կապիտուլյացիայի պահանջով՝ դրանով իսկ խիստ զայրացնելով Թրամփին։