News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կազանում կայացած թաեքվանդոյի եվրոպական օլիմպիական վարկանիշային մրցաշարում 80կգ քաշային կարգում հանդես եկած Արման Երեմյանը նվաճեց Հայաստանի 12-րդ օլիմպիական ուղեգիրը։ Եզրափակիչում հոլանդացի Թոմմի Մոլետը հրաժարվեց եզրափակիչ մենամարտից։

NEWS.am-ի թղթակիցը զրուցել է Արման Երեմյանի հետ։  

Արման, դու առաջին հայ թաեքվանդոիստն ես, ով օլիմպիական ուղեգիր է նվաճում։ Շնորհավորում եմ քեզ, մարզչիդ՝ Գեւորգ Դանիելյանին եւ Հայաստանի թաեքվանդոյի ֆեդերացիային։

Շատ շնորհակալ եմ։ Ուժեղ մրցակիցներ էին բաժին հասել ինձ։ Իսպանացի Գարսիա Էմմեի հետ կիսաեզրափակիչ մենամարտը ոչ ոքի ավարտվեց, սակայն ոսկե միավորով ես հաղթեցի։ Նման մակարդակի մրցաշարերը մարզիկներից ուժերի մաքսիմալ կենտրոնացում են պահանջում։ Հաղթում է նա, ով հոգեբանորեն ավելի լավ է պատրաստված։ Մինչեւ մրցաշարը ես հավաքի եմ մասնակցել Իրանում, որտեղ ծանրաբեռնված մարզումներ եմ անցկացրել։ Գիտակցում էի, որ սա իմ վերջին հնարավորությունն է եւ պետք է այն ճիշտ օգտագործել։

Ըստ քեզ, ինչո՞ւ հոլանդացի Թոմմի Մոլետը հրաժարվեց եզրափակիչ մենամարտից։

Չեմ կարող ասել։ Միայն գիտեմ, որ մրցակիցը վնասվածք չի ունեցել։ Միգուցե նա վախեցել է. ամեն դեպքում նա նույնպես մասնակցելու է Օլիմպիական խաղերին։ 

Մասնակցելո՞ւ ես մայիսին Մանչեսթերում կայանալիք է Եվրոպայի առաջնությանը։

Կապրենք կտեսնենք։ Ամենայն հավանականությամբ՝ այո։

Պատրաստվո՞ւմ ես նոր հավաքներ անցկացնել Իրանում։

Դեռեւս ոչ, բայց մի բան հստակ է, որ պետք է անդադար մարզվեմ, որպեսզի արժանիորեն ներկայացնեմ Հայաստանը Լոնդոնի Օլիմպիական խաղերում։ Կարծում եմ՝ Լոնդոն մեկնելուց առաջ հավաք կանցկացնեմ Իրանում։

Զրուցեց Պարույր Սինյավսկին

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ