News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Անհերքելի է ընտրական գործընթացներում լրատվամիջոցների ունեցած չափազանց մեծ դերակատարությունը, որը կարելի է դիտարկել երեք ասպեկտով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի պետհամալսարանի իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Էդգար Շաթիրյանը, ներկայացնելով այդ ասպեկտները. «Առաջին` իբրեւ ընտրազանգվածի տեղեկատվացության աղբյուր, երկրորդ դեպքում լրատվամիջոցները հանդես են գալիս իբրեւ նախընտրական քարոզչության միջոց, իսկ երրորդ դեպքում` իբրեւ քաղաքացիական վերահսկողության գործիք»:

Նրա խոսքով, ամենալուրջ խնդիրներն ի հայտ են գալիս երկրորդ դեպքում, երբ լրատվամիջոցը նախընտրական քարոզչության միջոց է:

«Ընտրությունները մի ժամանակահատված են, որի ընթացքում կուսակցությունները, թեկնածուները ընտրողներին պետք է ներկայացնեն իրենց ծրագրերը եւ դրանց կյանքի կոչմանն ուղղված քայլերը, մինչդեռ մեր իրականության պայմաններում հաճախ նախընտրական քարոզչությունը, թերեւս, հիշեցնում է քաղաքական գովազդի ստեղծագործական մրցույթ, ընդ որում` սեւ PR տեխնոլոգիաների անխնա կիրառմամբ»,- նշեց Էդգար Շաթիրյանը:

Իրավաբանն առանձնացրեց մի շարք խնդիրներ, որոնք առկա են «ընտրություններ-լրատվամիջոցներ հարաբերություններում»: Դրանցից առաջինը բոլոր թեկնածուների համար հավասար պայմանների ապահովումն է: Նրա խոսքով`  «Հեռուստատեսության եւ ռադիոյի» մասին օրենքն ազդարարում է, որ Հանրային հեռուստառադիոընկերության հեռարձակող հաղորդումներում քաղաքական դիրքորոշման գերակշռում արգելվում է, իսկ գործող «Ընտրական օրենսգրքով» սահմանվում է, որ Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի լրատվական հաղորդումներում թեկնածուների նախընտրական քարոզարշավի վերաբերյալ պետք է ներկայացվի անկողմանակալ եւ գնահատականներից զերծ ինֆորմացիա: «Մինչդեռ 2007թ խորհրդարանական եւ 2008թ նախագահական ընտրությունների լուսաբանման դիտարկումների արդյունքները հեռարձակվող ԶԼՄ-ներում միանգամայն այլ պատկեր են ուրվագծում»,- նշեց իրավաբանը` հավելելով, որ նույն խնդիրը առկա է նաեւ մասնավոր հեռուստաընկերություններում:

Երկրորդ խնդիրը, իրավաբանի բնորոշմամբ, նախընտրական քարոզչությունը եւ քաղաքական ընթացիկ գործունեության համատեղումն է: Էդգար Շաթիրյանի խոսքով` սա վերաբերում է այն իրավիճակներին, երբ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը գրանցված է նաեւ իբրեւ թեկնածու, եւ մի դեպքում լրատվամիջոցը լուսաբանում է նրա գործունեությունը` որպես պաշտոնյայի, իսկ մյուս դեպքում` նրա գործունեությունը` որպես թեկնածուի, եւ թեեւ լուսաբանում է նաեւ մյուս թեկնածուներին, բայց փաստացի անհավասարություն է ի հայտ գալիս: «Այսպիսի օրինակների պակաս հայկական քաղաքական դաշտը չունի, օրինակ` 1998թ վարչապետը, որը հետո նախագահ դարձավ, 2003թ-ին նախագահը, որը վերընտրվեց եւ այլն»,- ասաց նա: Էդգար Շաթիրյանի խոսքով`  խնդիրն այն է, որ նման սահմանափակում իրավական առումով չկա եւ սահմանված էլ չէ, պարզապես պետք է լրատվամիջոցները հաշվի առնեն այս հանգամանքը: Մեկ այլ խնդիր է այն, երբ լրատվամիջոցների ղեկավարները, լրագրողները առաջադրում են իրենց թեկնածությունը: Այստեղ. նրա խոսքով, ակնհայտորեն շահերի բախում է առաջանում, քանի որ «ինչպե՞ս կարող ես ինքդ քեզ լուսաբանես, կամ քո ղեկավարած լրատվամիջոցը ծառայեցնես քո շահերին»,  հետաբար ճիշտ կլինի, որ թեկնածությունը առաջադրելուց հետո լրատվամիջոցների ներկայացուցիչները որոշ ժամանակ չզբաղվեն մասնագիտական գործունեությամբ կամ գոնե լուսաբանեն ապաքաղաքական թեմաներ:

Մյուս խնդիրը նախընտրական շրջանում բարեգործական գործունեության լուսաբանումն է, երբ այն նմանեցվում, ասոցացվում է կոնկրետ կուսակցության, դաշինքի անվանմանը:  «Պետությունը պարտավոր է երաշխիքներ ապահովել, որպեսզի բացառի քաղաքական եւ բարեգործական գործունեության միատեղումը, ինչպես նաեւ ընտրական գործընթացի բոլոր փուլերում կանխի քաղաքական եւ գործարար շահերի միահյոսւման հնարավորությունը»,- Սահմանադրական դատարանի` 2007թ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ որոշումից մեջբերեց իրավաբանը:

Էդգար Շաթիրյանի խոսքով` հավանական խնդիրներ կարող են առաջանալ նաեւ քաղաքական գովազդի համար նորմայից դուրս բարձր գների սահմանման դեպքում, սակայն կարծես այս տարի շատ լուրջ դժգոհություններ չեն առաջացել, ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ էր: Նրա խոսքով` վերոնշյալ խնդիրներից խուսափելու համար լրագրողները պետք է իրենց գործին վերաբերեն որպես պրոֆեսիոնալ, դուրս չգան լրագրողի մասնագիտական գործունեության շրջանակներից, լրատվամիջոցները հնարավորինս պահպանեն չեզոքություն, ապահովեն քաղաքական բազմակարծություն, հարգեն «լռության օրը», որի ժամանակ արգելվում է քարոզչական նյութերի տարածումը. եւ ալն: Այս դեպքում, Էդգար Շաթիրյանի համոզմամբ, ոչ միայն օրենքներ եւ էթիկայի նորմեր չեն խախտի, այլեւ կնպաստեն ընտրական պրոցեսների բարելավմանը:

2011թ մայիսին  ընդունված «Ընտրական օրենսգիրքը», իրավաբանի կարծիքով, բավականին ընդլայնել է լրագրողների եւ լրատվամիջոցների իրավունքները` սկսած ընտրական հանձնաժողովների նիստերին մասնակցելուց մինչեւ ընտրատեղամասային կենտրոնում անարգել շրջել, այսինքն` ընտրական պրոցեսների լուսաբանման ասպեկտով օրենսգիրքը սահմանել է այնպիսի երաշխիքներ, որոնք կբացառեն խոչընդոտները լրագրողների համար, սակայն թե ինչպես կլինի գործնականում, ցույց կտան առաջիկա ընտրությունները:

 

Պատրաստեց` Ինգա Մարտինյանը

Տպել
Ամենաշատ