Միացյալ Թագավորությունը 25 դիտորդ է ունենալու ԵԱՀԿ/ԺՄՀԻԳ առաքելության կազմում: Այդ մասին իր բլոգում գրել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը:
«Մենք իսկապես ողջունում ենք նախագահ Սարգսյանի լավագույն ընտրություններ անցկացնելու մասին հայտարարությունը: Բայց նաեւ ցավում, որ խորհրդարանի երեք հիմնական ընդիմադիր կուսակցություններից որեւէ մեկը սեփական թեկնածուով հանդես չեն գալիս այս ընտրություններին եւ որեւէ մեկին չեն աջակցում»,- նշել է նա եւ հավելել. «Ո՞րն է այս կուսակցությունների չմասնակցելու պատճառը՝ ֆինանսական խնդիրները, թե՞ արդար արդյունքի նկատմամբ հավատի բացակայությունը կամ գուցե դրանք իրականում այդքան էլ ընդդիմադիր չեն, որքան մենք ենք պատկերացնում:
Եթե համարենք, որ կուսակցությունները ֆինանսական խնդիրներ ունեն, արդյո՞ք դրա պատճառն այն է, որ հնարավոր հարուստ աջակիցները անհանգստացած են, թե ինչ կլինի իրենց բիզնեսին, եթե նրանք սխալ մարդու վրա դնեն շեշտը: Հնարավոր է նաեւ, որ նրանք չեն գտել իրենց «մեսիջը» հղելու ճիշտ ձեւը եւ հասարակության կողմից նվիրատվություն ստանալ չի հաջողվել: (հետաքրքիր է, որ չնայած բոլոր կանխագուշակումներին նախագահ Օբաման 2012-ին Միթ Ռոմնիից ավելի շատ միջոցներ ձեռք բերեց հիմանականում ընտրողների եւ ակտիվիստների հետ իր հաստատած կապերի միջոցով, ինչը նրան մինչեւ 200 դոլարի չափով փոքր նվիրատվություններ բերեց): Հաջորդ ամսվա ընթացքում ուսումնասիրելով ընտրարշավը եւ բոլոր կուսակցությունների անդամների հետ խոսելով մենք կփորձենք հասկանալ՝ էլ ինչ է կարելի անել արդյունավետ քաղաքական մրցակցություն ապահովելու համար»:
Ըստ դեսպանի, տասնամյակների ընթացքում կեղծիքներով հագեցած ընտրություններից հետո Հայաստանի իշխանությունների համար մեծագույն մարտահրավեր է այս ընտրությունները արդար անցկացնելն ու սեփական ժողովրդի եւ գործընկերների վստահությունը վերականգնելը:
«Արդյո՞ք սա տեղի կունենա: Կողքից հետեւելիս թվում է, որ պետական մարմինները պետք է հատկապես ուշադրություն դարձնեն ստորեւ նշված երեք ոլորտներին:
Ընտրողների ցուցակներ: Տեղյակ եմ, որ տեղական ոստիկանության եւ կազմակերպությունների կողմից գովելի ջանքեր են գործադրվել ցուցակները ստուգելու եւ որոշ անճշտություններ վերացնելու համար (օրինակ’ ավտոտնակում գրանցված բազմաթիվ անուններ): Բայց այն փաստը, որ 1991-ից ի վեր ցուցակը շարունակում է մեծանալ, երբ մարդկանց ամենօրյա փորձը ցույց է տալիս, որ երկրի բնակչության քանակը նվազում է, հասարակ ընտրողի համար անհանգստության պատճառ է հանդիսանում: Գուցե տարեկան վերագրանցումը կարող է հարցի լուծման տարբերակ լինի եւ մարդկանց մոտ վստահություն առաջացնի: Մինչ այդ իշխանությունները կարող են ամեն ջանք գործադրել հետեւելու եւ հետազոտելու համար այն ընտրական տեղամասերը, որտեղ ընտրությունների ընթացքում գրանցվել է ընտրողների աննախադեպ հոսք:
Հանրային ծառայողների ներգրավում: Հիանալի կլիներ լսել ընտրարշավի ընթացքում պաշտոնյաների կողմից հանրային ծառայողներին ուղղված ազդեցիկ հաղորդագրություններ անկողմնակալության կարեւորության վերաբերյալ:
Բողոքներին արդյունավետ արձագանքում: Ոչ բոլոր բողոքներն են կարող բավարար ակներեւլինել կամ իրավական հիմք ունենալ քրեական պատասխանատվության ենթարկելու համար, բայց եթե իշխանությունները ցույց տան, որ քաղաքացիների կողմից բարձրացրած անհանգստությանը արագորեն եւ լրջորեն արձագանքում են, ապա սա կարող է կանխարգելիչ ազդեցություն ունենալ եւ գուցե մեծացնի հասարակ ընտրողի վստահությունը իշխանությունների նկատմամբ:
Մենք իրոք անհամբերությամբ սպասում ենք ընտրարշավին եւ հուսով ենք, որ կլինեն քննարկումներ ոչ միայն անհատների, այլեւ գաղափարախոսությունների միջեւ»,- նշել է նա:





























